HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինան պնդում է՝ ռուսական զինուժը պայթեցրել է Կախովկայի հէկի ամբարտակը

Խերսոնի մարզում պայթեցրել են Կախովկայի հէկը։ Ուկրաինացի զինվորականները հայտարարել են, որ պայթյունի հետևում ռուսական զինուժն է։ Ռուսաստանցի զինվորական բլոգերներն, իրենց հերթին, տեղի ունեցածում մեղադրում են ուկրաինական կողմին։ Դնեպրի աջ ափին իրականացվում է բնակչության տարհանում։ Ջրի մակարդակը կտրուկ բարձրանում է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։

Ուկրաինայի զինված ուժերի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ Խերսոնի մարզում ռուսական զորքերը պայթեցրել են Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։

«Ներկայում ճշտվում են ավերածությունների մասշտաբները, ջրի արագությունն ու ծավալը, հեղեղման հավանական շրջանները։ Բոլոր ծառայություններն աշխատում են»,- ասված է ուկրաինական կողմի հաղորդագրության մեջ։

Նովայա Կախովկայի ռուսական իշխանությունների կողմից նշանակված քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևը ի սկզբանե պայթյունի մասին հաղորդագրություններն անվանում էր «հիմարություն» և պնդում, որ «քաղաքում ամեն ինչ կարգին է, ամեն ինչ լուռ է և հանգիստ»։ Սակայն ավելի ուշ նա հայտարարել է, որ գիշերը մոտ 02:00-ին «Կախովկայի հէկի ուղղությամբ բազմաթիվ հարվածներ են եղել, որոնք վնասել են «սողնակները»։ «Դրա պատճառով Կախովկայի ջրամբարի ջուրը անկառավարելի սկսել է հոսել»,- հայտարարել է նա։

Ավելի ուշ նա հավելել է, որ կայանի փլուզումից հետո ջրի մակարդակը հոսանքն ի վար բարձրացել է 2,5 մետրով: TACC գործակալությունը, վկայակոչելով արտակարգ ծառայություններին, հայտնել է, որ ջրհեղեղի վտանգի տակ է գտնվում 80 բնակավայր:

Խերսոնի մարզային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հաստատել է Կախովկայի հէկի ամբարտակի պայթեցումը և նշել, որ 5 ժամ անց ջուրը կհասնի կրիտիկական մակարդակի։ «Суспiльне Херсон»-ը գրում է, որ Խերսոնի Կորաբել միկրոշրջանի Նեֆտեգավանի շրջանում ջրասույզ են եղել մասնավոր տներ ու ավտոտնակներ։

Ռուսաստանցի զինվորական բլոգերները, իրենց հերթին, հէկի պայթեցման մեջ մեղադրում են ուկրաինական զինուժին։ ՌԴ ՊՆ-ն դեռևս չի մեկնաբանել իրավիճակը։

Ներկայում վտանգի տակ է Զապորոժյեի աէկի աշխատանք, որը կարող է մնալ առանց հովացման։ «Կախովկայի ջրամբարից ջուրն անհրաժեշտ է տուրբինների կոնդենսատորների և ԶԱԷԿ-ի անվտանգության համակարգերի համար»,- հայտարարել են ուկրաինական «Энергоатом»-ից։

Կախովկայի հէկի կառավարմամբ զբաղվող «Укргидроэнерго»-ն էլ հայտարարել է, որ Կախովկայի հէկն ամբողջությամբ վնասվել է և վերականգնման ենթակա չէ։

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Դնեպրի աջ ափի մի շարք բնակավայրերի քաղաքացիական բնակչության տարհանման մասին։ Գերատեսչությունում հայտարարել են, որ ջրասույզ լինելու վտանգի տակ են Դնեպրի աջ ափին գտնվող Նիկոլաևկա, Օլգովկա, Լևո, Տյագինկա, Պոնյատովկա, Իվանովկա, Տոկարևկա, Պրիդնեպրով գյուղերը և Խերսոնի մի մասը հանդիսացող Կորաբել կղզին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի արտահերթ նիստ են հրավիրել։ «Ռուսաստանցի ահաբեկիչները Կախովկայի հէկի ամբարտակի փլուզմամբ ողջ աշխարհին միայն հաստատում են, որ նրանց պետք է դուրս վռնդել ուկրաինական հողի յուրաքանչյուր անկյունից»,- հայտարարել է նախագահ Զելենսկին։ Նա դեռ նախորդ աշնանն էր նշել, որ ռուսական զինուժը մտադիր է պայթեցնել Կախովկայի հէկի ամբարտակը։

Լուսանկարը՝ Maxar-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter