HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի հայտարարությունը

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում պահանջում է, որ Արցախն ունենա անխափան ու անսահմանափակ ցամաքային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության հետ՝ առանց ադրբեջանական կողմի որևէ ներգրավվածության։ Հայտարարությունը՝ ստորև․

«Օրեր առաջ Ալիևի հնչեցրած՝ Արցախի Հանրապետության պետական համակարգը լուծարելու մասին ագրեսիվ սպառնալիքները կրկին հաստատում են, որ նա շարունակում է Արցախն Ադրբեջանին բռնակցելու կամ օկուպացնելու իր հանցավոր ծրագիրը և ամեն ինչ անում է Արցախի էթնիկ զտման քաղաքականությունն իրականություն դարձնելու համար:

Ամիսներ շարունակ գտնվելով տոտալ շրջափակման մեջ՝ Արցախը հայկական պահելու, նրա ամբողջականությունն ու սուբյեկտայնությունն ապահովելու անկասելի պայքարի ընթացքում մենք հստակ նախանշել ենք մեր կարմիր գծերը, որոնց անվերապահ պահպանումն ապահովելու է հայկական Արցախի գոյությունը: Հատկանշական է, որ այդ մասին տարբեր ձևաչափերով հայտարարել է նաև Արցախի Հանրապետության նախագահը՝ վստահեցնելով, որ չենք շեղվելու մեր պայքարի որոշումից և հավատարիմ ենք մնալու հայտարարված կարմիր գծերի պահպանմանը («բ. շրջափակումը պետք է վերացվի, և Արցախը պետք է ունենա անխափան ու անսահմանափակ ցամաքային հաղորդակցություն Հայաստանի Հանրապետության հետ՝ առանց ադրբեջանական կողմի որևէ ներգրավվածության», նախագահ Հարությունյանի ելույթից, 23.02.2023թ,):

Սակայն հակառակ այս ամենի, տեղեկացանք, որ հունիսի 4-ից սկսած՝ Արցախի իշխանությունների կազմակերպմամբ ու ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ և ուղեկցությամբ, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն քաղաքացիներ են տեղափոխվում՝ անցնելով «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով:

Ելնելով այս իրողություններից՝ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը անթույլատրելի է համարում որևէ կարմիր գծի խախտում: Ներկայում տեղի ունեցող իրադարձությունները Շարժումը համարում է Արցախի Հանրապետության նախագահի կողմից իր իսկ հայտարարած կարմիր գծի՝ Հայաստանի հետ անխափան և առանց սահմանափակումների կապի ապահովման խախտում:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Արցախի անվտանգության և զարգացման ճակատը, իր հազարավոր համակիրների անունից, Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում է՝

-անհապաղ վերանայել «Լաչինի միջանցք»-ում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետով մեր քաղաքացիների երթևեկի վերաբերյալ որոշումը

- զերծ մնալ առանց հանրային քննարկումների, առանց այդ որոշումներից բխող վտանգների ուսումնասիրման ռազմավարական նշանակություն ունեցող որոշումներ ընդունելու արատավոր երևույթից:

Անընդունելի համարելով այս իրողությունը, ինչպես նաև հաշվի առնելով Արցախի հանրային շրջանակներում առկա բազմաթիվ հարցերն այս իրադարձությունների վերաբերյալ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդն առաջիկայում հանդիպում է ունենալու Արցախի Հանրապետության նախագահի հետ՝ իրավիճակի վերաբերյալ բացատրություններ ստանալու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter