
Ֆինլանդիան կարտաքսի ռուսաստանցի 9 դիվանագետի
Ֆինլանդիան կարտաքսի 9 դիվանագետի, որոնք աշխատում են Հելսինկիում Ռուսաստանի դեսպանությունում։ Ֆիննական իշխանությունները նրանց մեղադրում են ռուսական հետախուզության հետ կապ ունենալու մեջ։
«Նրանց գործողությունները հակասում են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային»,- ասված է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։ Բացի այդ, նշվում է, որ ռուսական դեսպանը կտեղեկացվի արտաքսման մասին։
Որոշումը կայացվել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի և արտաքին ու անվտանգության քաղաքականության նախարարական կոմիտեի հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ ապրիլին Շվեդիան արտաքսել էր ռուսաստանցի 5 դիվանագետի, որոնք «իրականացնում էին գործունեություն, ինչն անհամատեղելի էր նրանց դիվանագիտական կարգավիճակի հետ»։ Բացի այդ, սեպտեմբերից Շվեդիան փակում է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Գյոթեբորգում։
Ի պատասխան, մայիսի վերջին Ռուսաստանը հայտարարեց, որ արտաքսում է շվեդ 5 դիվանագետի և հետ կանչում համաձայնությունը Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի գլխավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ։
Ապրիլին ռուսական դեսպանության 15 աշխատակցի արտաքսման մասին էլ հայտարարել էր Նորվեգիան, որոնք, ըստ նորվեգական ԱԳՆ-ի, հանդիսանում էին ռուսական հետախուզության աշխատակիցներ և զբաղեցնում դիվանագիտական հաստիքներ։
Լուսանկարը՝ Lehtikuva/Jussi Nukari via REUTERS/File Photo
Մեկնաբանել