HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մարիա Զախարովան Արմեն Գրիգորյանին կոչ է անում կողմնորոշվել

Երևանում իսկապես հնչում են հարձակումներ Մոսկվայի հասցեին, այդ իսկ պատճառով ռուսական կողմը Հայաստանին նորմալ երկխոսության կոչ է անում։ Նման հայտարարությամբ այսօր՝ հունիսի 7-ին հանդես է եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

Զախարովան նման կերպ է մեկնաբանել ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման պարագայում, սահմանապահ ծառայությունը կիրականացվի միայն Հայաստանի կողմից։ Այնինչ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինների կողմից:

«Կցանկանայինք, որ նշված անձը (ի նկատի ունի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին-խմբ.) կողմնորոշվի. կա՛մ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, որը պետք է լինի և որի փորձը մենք ունենք հայկական կողմի հետ, կա՛մ նման հայտարարություններ։ Մենք ընտրում ենք առաջինը։ Ինչ վերաբերվում է հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, ապա այն մշակվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների կողմից։ Այդ իսկ պատճառով ճիշտ չեմ համարում կողքից արձագանքել այդպիսի մեկնաբանություններին։ Դա համապատասխան ներկայացուցիչների իրավասությունն է»,- ասել է Զախարովան։

Վերջին անգամ երեք երկրների փոխվարչապետները հանդիպել էին հունիսի 2-ին Մոսկվայում։ Ինչպես հայտնել էին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: «Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter