
Զելենսկին և Էրդողանը քննարկել են Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի ավերման հետևանքները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի ավերման հետևանքները։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Վլադիմիր Զելենսկին։ Հեռախոսազրույցը եղել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Զելենսկու խոսքով՝ նա Էրդողանին է փոխանցել Կախովկայի ՀԷԿ-ի ավերման հետևանքների վերացման համար անհրաժեշտ կարիքների ցուցակը։
Had a phone call with the President of 🇹🇷 Türkiye @RTErdogan. Spoke about the humanitarian and environmental consequences of the Russian act of terrorism at the Kakhovka hydroelectric power plant, including risks for #ZNPP. Handed over a list of Ukraine's urgent needs to…
— Володимир Зеленський (@ZelenskyyUa) June 7, 2023
«Փոխանցել ենք տարերքի հետևանքների վերացման համար Ուկրաինայի անհետաձգելի կարիքների ցուցակը»,- գրել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նշել է, որ Էրդողանին տեղեկացրել է ՀԷԿ-ի փլուզման հետևանքով առաջացած հումանիտար և բնապահպանական հետևանքների մասին և թե ինչ ռիսկեր կարող են առաջանալ Զապորոժյեի ատոմակայանի համար։
Զելենսկու կարծիքով՝ Թուրքիայի ձայնը կարևոր է, երբ խոսքը գնում է հակամարտության լուծման, ձերբակալված ուկրաինացիների վերադարձի, մասնավորապես Ղրիմի թաթարների, ինչպես նաև հացահատկի գործարքի շարունակման և ընդլայնման ժամանակ։
Իր հերթին թուրքական կողմն առաջարկել է ստեղծել միջազգային հանձնաժողով, որին կմասնակցեն ՌԴ-ն, Ուկրաինան, ՄԱԿ-ը և Թուրքիան։ Վերջինս կզբաղվի Կախովկայի ՀԷԿ-ի շուրջ առկա իրավիճակով։ Այս հարցով Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ կարող է ստեղծվել հանձնաժողով հակամարտող կողմերի, ՄԱԿ-ի և միջազգային համայնքի, ներառյալ Թուրքիայի փորձագետների մասնակցությամբ՝ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի վրա տեղի ունեցած պայթյունի հանգամանալից հետաքննությունն անցկացնելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ թուրքական կողմի՝ Էրդողանը նշել է, որ «Թուրքիան պատրաստ է այս հարցում անել ամեն ինչ, ինչն իր ուժերում է»։ «Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ քանի դեռ հակամարտությունը շարունակվում է, հնարավոր չէ կանխել հումանիտար կորուստները, ուստի առաջին պլանում պետք է մնա բանակցություններին վերադառնալու գաղափարը: Թուրքիան շարունակելու է վճռականորեն ջանքեր գործադրել արդար խաղաղության հաստատման համար»,- ասված է թուրքական կողմի հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել