
Տաջիկստանը մտադիր չէ անդամակցել ԵԱՏՄ-ին
Դուշանբեն չի դիտարկում Եվրասիական տնտեսական միությանը հնարավոր անդամակցության հարցը։ Այդ մասին հայտարարել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավար Շոհին Սամադին՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։ Լավրովը, Կենտրոնական Ասիան անվանելով Կրեմլի և Արևմուտքի առճակատման նոր տարածաշրջան, Դուշանբեում լրագրողների հետ զրույցում, հույս էր հայտնել, որ Տաջիկստանն առաջիկայում «իր համար կորոշի ԵԱՏՄ-ին միանալու առավելությունները»։
Տաջիկ դիվանագետը նշել է, որ ԵԱՏՄ-ին Տաջիկստանի անդամակցության հարցը չի քննարկվել ոչ նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ Լավրովի հանդիպման, և ոչ էլ այդ երկրի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինի հետ բանակցությունների ժամանակ։ «Օրակարգում ԵԱՏՄ-ին Տաջիկստանի անդամակցության հարց չկա։ Դուշանբեում հանդիպումների ժամանակ շեշտը դրվել է բացառապես առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության ակտիվացման, տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում երկու երկրների փոխգործակցության հարցերի վրա»,- հայտարարել է Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
ԵԱՏՄ-ին Տաջիկստանի անդամակցության հարցը, որի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, քննարկվում է 2015 թվականից։ Չնայած այս միության անդամ երկրները հանդիսանում են Տաջիկստանի խոշորագույն առևտրային գործընկերները (2022 թվականին նրանց բաժին էր հասնում արտաքին առևտրի ծավալների 44 %-ը), Դուշանբեն խուսափում է այդ կազմակերպությանն անդամակցելու խոստումներից։
Լուսանկարը՝ Տաջիկստանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել