
Նուման Քուրթուլմուշն ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն ընտրվել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ։ Քվեարկությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը՝ հունիսի 7-ին։
Ինչպես փոխանցում է թուրքական NTV հեռուստաընկերությունը, Քուրթուլմուշն ընտրվել է քվեարկության երրորդ փուլի արդյունքում։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 600 պատգամավորից 321-ը։ Երրորդ փուլով ընտրվելու համար նրան անհրաժեշտ էր առնվազն 301 ձայն։
Խորհրդարանի նախագահի պաշտոնին հավակնում էր տարբեր կուսակցություններից ևս 6 թեկնածու։ Քուրթուլմուշի թեկնածությունն առաջադրել էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և նրա հետ միևնույն դաշինքում գտնվող Ազգայնական շարժում կուսակցությունը։ Ի սկզբանե նա համարվում էր հավանական հաղթողը, սակայն ընտրությունների ընդունված ընթացակարգի պատճառով քվեարկությունը երեք փուլով է կայացել։ Առաջին երկու փուլերի ժամանակ հաղթանակի համար անհրաժեշտ էր հավաքել 400 ձայն, ինչը չհաջողվեց թեկնածուներից և որևէ մեկին։
Քուրթուլմուշը հանդիսանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մերձավոր կուսակիցներից մեկը, չնայած մինչ իշխող կուսակցություն գալը, անդամակցել է քաղաքական այլ հայացքներ ունեցող կուսակցությունների։ 2014-2017 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի փոխվարչապետի, իսկ 2017-2018 թվականներին՝ մշակույթի և զբոսաշրջության նախարարի պաշտոնը։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել