HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օտարման ոչ ենթակա հողատարածքը նվիրատվությամբ գրանցվել Մհեր Սեդրակյանի կնոջ անունով

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ օտարման ոչ ենթակա հողատարածքը քաղաքացուն վաճառվելուց հետո նվիրատվությամբ գրանցվել է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի կնոջ անունով։

«2003 թվականի հուլիսի 1-ին Երևանի քաղաքապետ Ռ.Ն.-ի որոշմամբ՝ քաղաքացի Մ.Պ.-ին է օտարվել Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողամասը՝ շուկայականից անհամեմատ էժան գնով՝ 14 մլն 646 հազար 180 դրամով, այն դեպքում, երբ հողամասն ընդգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների (օտարման ոչ ենթակա հողատարածքների) ցանկում:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Ազատամարտիկների փողոցի 78/3 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2003 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ՝ 2003 թվականի հունիսի 27-ին կայացած աճուրդային վաճառքի և վարձակալության մրցույթի արդյունքների հիման վրա, Ազատամարտիների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողատարածքը 2003 թվականի դեկտեմբերի 26-ին վարձակալությամբ տրամադրվել է քաղաքացի Մ.Պ.-ին՝ մանկական խաղահրապարակ և բացօթյա սրճարան կառուցելու նպատակով: Հողամասը գտնվում է Էրեբունու մանկական զբոսայգու տարածքի սահմաններում, իսկ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ՝ ներառվել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների (օտարման ոչ ենթակա հողատարածքների) ցանկում։ 

2008 թվականի հունվարի 17-ին Երևանի քաղաքապետի տեղակալ Կ.Դ.-ն տրամադրել է ակնհայտ կեղծ մասնագիտական եզրակացություն, համաձայն որի՝ Ազատամարտիների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողամասն ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում: Եզրակացության հիման վրա՝ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք Մ.Պ.-ին հատկացրել են անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական: Հետագայում Ազատամարտիների փողոցի 78/3 հասցեում գտնվող հողատարածքը նվիրատվությամբ գրանցվել է Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Մ.Ս.-ի կնոջ՝ Շ.Ա.-ի անունով: Շ.Ա.-ն, օտարման ոչ ենթակա վերոնշյալ հողատարածքը 150 հազար ԱՄՆ դոլարով օտարել է իրավաբանական անձի: 

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթով հիմնավորվել է վերը նշված գործընթացում Երևանի քաղաքապետի տեղակալ Կ.Դ.-ի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանգամանքը: Կ.Դ.-ի վերաբերյալ 2021 թվականի դեկտեմբերի 27-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

2023 թվականի հունիսի 6-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի 2003 թվականի հուլիսի 1-ի որոշումը, ինչպես նաև դրա հետևանքները վերացնելու, այդ թվում՝ կատարված իրավունքի պետական գրանցումներն ու գրանցամատյանի գրառումներն անվավեր ճանաչելու պահանջով»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter