
70 տարի՝ առանց Գերմանիայի. Հանս Ռաուխբերգերը դարձել է Յուրի Ավետիսյան
Այս մարդուն գրեթե բոլորն ասում են Յուրի, միայն մտերիմներն են նրան դիմում Հանս անունով: Հանսը խոսում է մաքուր հայերեն՝ Գյումրիի բարբառի առոգանությամբ ու գյումրեցիներին հատուկ հումորի զգացումով, հավատում է հայ առաքելական եկեղեցուն, բայց ասում է, որ գերմանացի է:
Շատ դժվար է ճշգրիտ ասել, թե երբ է Հանսը ծնվել, քանի տարեկանում է եկել Հայաստան և նրա վաղ մանկության այլ հանգամանքներ, բայց նա առաջին դասարան հաճախել է արդեն Գյումրիում: Նրան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բոննում, երբ քաղաքը ռմբակոծվում էր, մի գյումրեցի սպա գերմանացի ծնողներից վերցրել ու բերել է Գյումրի՝ ավելի ապահով վայր՝ պատերազմից հետո ծնողներին վերադարձնելու պայմանով: Հենց այդ ժամանակ էլ Հանս Ռաուխբերգերի ծննդյան վկայականում գրվել է Յուրի Ավետիսյան՝ ծնված 1937 թվականին: Գյումրեցի սպան, սակայն, Հանսին այլևս չի վերադարձել Գերմանիա, քանի որ երեխաներ չուներ:
Հանսն ինքն էլ հաջորդող մոտ 70 տարվա ընթացքում երբեք չի գնացել Գերմանիա: «Ո՞ւմ մոտ էրթամ, ո՞ւր էրթամ»,- ասում է նա: Նա աղոտ է հիշում գերմանացի ծնողներին: Ասում է, որ ծնողներն իրեն չեն փնտրել. նրանք զինվորական էին և ամենայն հավանականությամբ, զոհվել են: «Եթե զոհված չլինեին, կգտնեին»,- ասում է Հանս Ռաուխբերգերը: Նա ինքն էլ չի փնտրել ծնողներին, քանի որ Խորհրդային Միության ժամանակ դա արգելված էր:
Գյումրեցի ամուսինները բարեհամբույր են վարվել Հանսի հետ, բայց նրանք էլ մահացել են մոտ 10 տարի անց: Նրանց մահից հետո Հանսը եկել է Երևան:
Երբ նա Հայաստան եկավ, «ոտքով-ձեռքով էր խոսում», բայց շատ կարճ ժամանակում սկսեց հայերեն խոսել: Հիմա նա գերմաներեն հասկանում է, բայց չի խոսում: «Ես լռեցրել եմ, ես հանգցրել եմ էդ լեզվի նկատմամբ իմ զգացմունքներս, որպեսզի ոչ մի անգամ մտքովս չանցնի, որ գնամ էնտեղ: Ավելի շատ սա է իմ երկիրը, քան թե նա: Էնտեղ ծնունդ է եղել և վերջ: Ես որ էստեղ եկա արդեն, դպրոցում հայոց լեզու եմ սովորել, ռուսերեն եմ սովորել, էլ ի՞նչ գերմաներենի մասին է խոսքը: Ես Գերմանիան հիշում եմ արյան, կրակի, դժբախտության մեջ: Լավ հիշողություններ չունեմ գերմանացիներից»,- պատմում է Հանս Ռաուխբերգերը:
Միաժամանակ նա ասում է, որ գերմաներենն իր ուղեղի մեջ է, և եթե դասագիրքը ձեռքը վերցնի, ապա 2-3 շաբաթում գերմաներեն կխոսի: Ենթագիտակցությունը «սև արկղ» է, որում պահվում են հիշողության բոլոր մանրուքները, և Հանսի ենթագիտակցության մեջ Գերմանիան է:
Վերջին 10 տարում Հանսն ազատ ժամանակ փայտից պատրաստում է քանդակներ՝ դիմակներ: Նա քանդակում է այն դեմքերը, որոնք իր ենթագիտակցության մեջ են: Ունի մոտ 30-40 քանդակ: Նրա որոշ քանդակներ գնել և տարել են արտերկիր: Իսկ ցուցահանդես կազմակերպելու առաջարկները նա մերժում է:
Հանսը 50 տարի է, ջութակի ուսուցիչ է: Նա դասավանդում է Մանկավարժական համալսարանում, Չայկովսկու և Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցներում, ունի 15 աշակերտ և ուսանող: 50 տարվա ընթացքում նա մի քանի հարյուր աշակերտ է ունեցել: Նրա մի շարք աշակերտներ դարձել են հանրապետական մրցույթների դափնեկիրներ ու պրոֆեսորներ, թեև Հանսն ինքը պրոֆեսոր չէ և չի էլ ուզել լինել:
Փոքր տարիքում Հանսը սիրով չէր տրամադրված ջութակի նկատմամբ, բայց տարիների ընթացքում սեր է առաջացել այդ մասնագիտության հանդեպ, որն այժմ հոգեկան բավարարվածություն է պատճառում նրան: «Ինչքան ավելի երկար մտա արվեստի, երաժշտության, նրանց հոգեբանության, փիլիսոփայության մեջ, հետզհետե իմ մեջ կիրք առաջացավ դեպի երաժշտությունը»,- ասում է նա:
![]() |
Հանս Ռաուխբերգերը (Յուրի Ավետիսյանը) կնոջ՝ Ռուզաննա Ջավախյանի հետ |
Հանսն ապրում է գերմանացուն բնորոշ ճշտապահությամբ ու կարգապությամբ: Նրա խոսքերով՝ 50 տարվա ընթացքում ոչ մի անգամ չի բացակայել կամ ուշացել աշխատանքից: Նրան դուր չի գալիս, որ Հայաստանում ամեն ինչ մոտավորապես ու աչքաչափով են անում:
«Հայերը ընդունակ, տաղանդավոր ժողովուրդ են, բայց ծույլ են, աշխատասեր չեն, իրենց ընդունակությունները գործի մեջ չեն դնում: Օրինակ՝ գերմանացիները և հրեաները էդքան տաղանդավոր չեն, ինչքան հայերը, բայց հրեան ու գերմանացին աշխատասեր են: Նա իր վրա կարող է աշխատել»,- ասում է Հանս Ռաուխբերգերը:
Նա չի հաշտվում Հայաստանի մարդկանց, նրանց կոպտության, վերաբերմունքի հետ: Ասում է, որ որքան լավ ես աշխատում ու հաջողություններ ունենում, այնքան գործընկերներդ սկսում են նախանձել ու չարանալ: «Ուրիշ երկրներում լավ աշխատանքը գնահատվում է, իսկ էստեղ լավը չեն սիրում»,- ասում է նա:
Հանսի խոսքերով՝ ի տարբերություն Հայաստանի՝ եվրոպական երկրներում մարդկանց շփումները բարձր մակարդակ ունեն, կառուցված են փոխադարձ հարգանքի վրա:
«Էստեղ կոպիտ են: Ես կին չեմ, բայց երբ տղամարդկանց երեսին նայում եմ, վախենում եմ: Փողոցով գնում ես, դեմքին նայում ես, չարացած է: Օրինակ՝ Շվեյցարիայում կամ Գերմանիայում, կամ որևէ տեղ որ դուրս գաս, երեսիդ նայում են, ժպտում են, խոսում են քեզ հետ բարեհամբույր, հաճույք ես ստանում, դու քեզ մարդ ես զգում»,- ասում է նա:
Հանս Ռաուխբերգերին մտահոգում է ոչ թե նյութականը, այլ մթնոլորտը, որ մարդու հետ նստես, խոսես ու խոսելուց հաճույք ստանաս: «Ում հետ խոսում ես, ֆալշ է խոսում քեզ հետ. մի բան ասում են, մի բան անում են: Ես ստամոքսի մասին չեմ մտածում, որովհետև ինձ մի կտոր հաց է պետք, և ես կապրեմ»,- ասում է նա:
Նա ցավում է նաև Հայաստանի բնության վիճակի, ոչնչացվող անտառների, կանաչ տարածքների պակասի համար: Ուրիշ երկրներում ամբողջը ծառեր ու ծովեր են, իսկ Սևանում հանգիստն այնպիսի «սարսափելի, տիեզերական» գին արժե, որ հնարավոր չէ օգտվել:
Հանսը վաղուց մտածում է Հայաստանից հեռանալու մասին, բայց ոչ «ստամոքսի համար»: Նա չի բացառում, որ այն երկիրը, ուր կգնա, կարող է լինել Գերմանիան: Իսկ Հանսի կինը՝ ճարտարագետ Ռուզաննա Ջավախյանն, ասում է, որ նույնիսկ եթե Գերմանիա գնալու հնարավորություն լինի, Հանսը չի գնա, այնքան սովորել է Հայաստանին, և 10 օր ուրիշ երկրում գտնվելով՝ կարոտում էր ու վերադառնում Երևան:
«Հիմա մեկ-մեկ ասում է՝ գնայի, հետո ասում է՝ ո՞ւր գնամ, սա է իմ երկիրը արդեն: Ինչքան փորձել ենք, շատ եմ ուզել ես փնտրեմ իր ծնողներին, դեսպանատուն եմ գնացել, բայց ինքը վերջում ասում էր՝ ասենք թե, գտանք, ես գնացողը չեմ, էստեղ է իմ երկիրը, էստեղ է իմ ամեն ինչը, էնտեղ ոչ մեկի չեմ ճանաչում, գնանք էնտեղ, ի՞նչ անեմ էնտեղ»,- ասում է Ռուզաննան:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել