
Երևանն ու Բաքուն պետք է գտնեն փոխշահավետ լուծում հակամարտության հանգուցալուծման համար. Լուկաշենկո
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին էլ։ Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ։
Բելառուսի նախագահի խոսքով՝ ՀԱՊԿ տարածաշրջանում հակամարտություններից, հատկապես զինված հակամարտություններից, պետք է խուսափել։ Ըստ նրա՝ դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունն է։
«Համբերություն և հարցի լուծում գտնելու փորձեր, որպեսզի ձեռնտու լինի և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին»,- ասել է Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահը նշել է, որ հայերը և ադրբեջանցիները բարեկամ ժողովուրդներ են։ «Ինչպես մեկ ձեռքի երկու մատ։ Եվ ինչ ուզես դրա հետ, այն էլ կանես»,- ասել է նա։
Լուկաշենկոն հավելել է, որ նախկինում մեծ ջանքեր է գործադրել կողմերի միջև հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ փորձելով հարթել խնդիրները Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների միջև։ «Հիմա ամեն ինչ բարդացել է։ Պետք է հասկանալ այս իրավիճակը։ Այս դեպքում ես, իհարկե, Նիկոլ Վովաևիչին աջակցում եմ, հասկանալով, որ այդ իշխանության ու նրա վրա են ընկել բոլոր թերությունները»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հերթական բանակցությունները Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Սակայն ՀՀ ԱԳՆ-ն այսօր հայտարարություն տարածեց, որ ադրբեջանական կողմի խնդրանքով՝ Վաշինգտոնում նախատեսվող բանակցությունների հերթական փուլը հետաձգվում է, իսկ նոր ժամկետների մասին արտաքին քաղաքական գերատեսչությունը հավելյալ կտեղեկացնի։
Լուսանկարը՝ Sputnik / Ilya Pitalev
Մեկնաբանել