
Արևմուտքը F-16-երի փոխարեն Ուկրաինային կարող է մատակարարել F-18-եր
Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները քննարկում են Կիևին F-16-երի փոխարեն F-18 կործանիչների փոխանցման հնարավորությունը։ Այդ մասին գրում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի երկու զրուցակիցների խոսքով՝ քանի դեռ դաշնակիցները բանակցություններ են վարում այն մասին, թե ով Կիևին կմատակարարի F-16 կործանիչներ, զուգահեռաբար նախնական քննարկումներ են ընթանում Կիևին F-18-երի հնարավոր մատակարարման շուրջ։ Ինչպես հայտնում են աղբյուրները, Ուկրաինա կարող են ուղարկվել տասնյակ հին, բայց շահագործելի F-18-եր, որոնք շուտով հասանելի կլինեն մատակարարման համար։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մայիսի 25-ին հայտարարել էր, որ Դանիան և Նիդերլանդները կգլխավորեն ուկրաինական օդաչուներին F-16 կործանիչների կիրառման նախապատրաստման եվրոպական կոալիցիան։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի 21-ին Հիրոսիմայում ազդարարել էր, որ Արևմուտքը կսկսի զբաղվել ուկրաինացի օդաչուներին չորրորդ սերնդի կործանիչների կառավարման, ներառյալ` F-16-երի ուսուցմամբ։ Ընդ որում, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ Վաշինգտոնն առաջիկա ամիսներին դաշնակիցների հետ կքննարկի, թե որ երկրները Կիևին կփոխանցեն F-16-եր։
Լուսանկարը՝ Wikimedia Commons-ից
Մեկնաբանել