HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանի ԱԴԾ-ն կվերահսկի Երևանի և Բաքվի միջև հաղորդակցությունների ապաշրջափակումը. Ադրբեջանի փոխվարչապետ

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն` քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկության կազմակերպումը կիրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի կողմից կիրականացվի վերահսկողություն Ադրբեջանի արևմտյան հատվածների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման ժամանակ (խոսքը ՀՀ տարածքով դրա կազմակերպման մասին է-խմբ.)։ 

«Բանակցություններն իրականացվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության 9-րդ կետի հիման վրա՝ դրա դրույթների արագ իրագործման նպատակով։ Խնդիրները միանգամայն հստակ են։ Նախատեսվում է վերականգնել առկա և կառուցել նոր տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք Նախիջևանի ինքնավար հանրապետությունը կապում են Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Կապահովվի ինչպես ուղևորափոխադրումների, այնպես էլ բեռնափոխադրումների, ինչպես նաև տրանսպորտային միջոցների իրականացումը»,- նշել է Մուստաֆաևը՝ մեկնաբանելով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման շրջանակներում բանակցությունների արդյունքները։

Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ ներկայումս Հայաստանի և Ռուսաստանի հետ քննարկումներ են ընթանում տեխնիկական դետալների ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Մոսկվայում հունիսին 2-ին ընթանում էր Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ավելի վաղ, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակման պարագայում, սահմանապահ ծառայությունը կիրականացվի միայն Հայաստանի կողմից։ Այդ հայտարարությանը անդրադարձել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Արմեն Գրիգորյանին «կոչ անելով կողմնորոշվել»։ 

«Կցանկանայինք, որ նշված անձը (ի նկատի ունի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին-խմբ.) կողմնորոշվի. կա՛մ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, որը պետք է լինի և որի փորձը մենք ունենք հայկական կողմի հետ, կա՛մ նման հայտարարություններ։ Մենք ընտրում ենք առաջինը։ Ինչ վերաբերվում է հաղորդակցությունների ապաշրջափակման թեմային, ապա այն մշակվում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների կողմից։ Այդ իսկ պատճառով ճիշտ չեմ համարում կողքից արձագանքել այդպիսի մեկնաբանություններին։ Դա համապատասխան ներկայացուցիչների իրավասությունն է»,- ասել էր Զախարովան։

Լուսանկարը՝ aze.media-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter