
«Կապիկի վրա էլ կարող ես «գալուստուկ» կապել, պիջակ հագցնել, խորհրդարանում նստի, էլի կասի՝ ես մտավորական եմ»
Վերջին օրերին մամուլը հեղեղված է «Տաշիր-2011» երաժշտական մրցանակաբաշխության նվիրատվությունների թեմային: Իսկ ինչո՞ւ է շոու աշխարհը այսքան համառորեն մտել մեր իրականություն: Հարցին` «Հայելի» ակումբում այսօր փորձում էին պատասխանել երգահաններ Ռուբեն Հախվերդյանը եւ Դավիթ Ամալյանը՝ անդրադառնալով խնդրի պատճառահետեւանքային կապին:
«Որովհետեւ բոլորը տանն ունեն հեռուստացույց, ստիպված միացնում են, ու այդ «աշխարհը» ուզեն, թե չուզեն, ներխուժում է իրենց տուն: Բայց մինչեւ դա այնքան լուրջ պրոբլեմներ կան, եւ ինչո՞ւ հենց (երգիչների) տուն ստանալուց (հետո) նկատեցինք: Այսինքն՝ հենց բանը հասավ նյութին, նոր նկատեցինք, իսկ մինչ այդ էլ ոչ ոք չէր ասում՝ այս տեքստով երգը կամ ցածր որակով մեղեդին ինչո՞ւ է եթեր դուրս գալիս»,- ասում է Դավիթ Ամալյան:
Նա նշում է, որ շատ կուզենար, որպեսզի նախեւառաջ գտնեինք հարցի ակունքը՝ իրական մտավորականի չափանիշը, որն էլ պետք է լինի անձնազոհությունը:
«Ինչո՞ւ այսօր դա չի գովազդվում հեռուստատեսությամբ: Ինչի՞ց է, որ շոու-բիզնեսը դարձել է բոլորիս տան խոսակցության նյութը: Ու միայն երգարվեստը չէ, բայց, չգիտես ինչու, բոլորը միայն երգիչներով են զբաղված»,- հավելու է Ամալյանը:
«Որովհեեւ հեռուստացույցը միացնում ես, բոլորը երգում են»,- նկատում է Ռուբեն Հախվերդյանը եւ անդրադառնում քաղաքը ողողքած բանակի գովազդային վահանակներին՝ «Իմ դուդուկը իմ զենք է», «Բեմը իմ զենք է», «Ես սիրում եմ քեզ»…
«Ո՞վ ում է սիրում, չես հասկանում: Ի՞նչ սեր է դա՝ խմբակայի՞ն է, ի՞նչ է: Դրա փոխարեն, ասենք, Լեոնիդ Ազգալդյանի նկարը տեսնեինք, Մոնթեի, Դուշման Վարդանի, որ մեր երեխաները ներշնչվեին այդ մարդկանցով: Պետք չէ խոսել հայրենասիրությունից, ուղղակի նկարները կախեք, եւ ամեն ինչ պարզ կլինի»,- ասում է Հախվերդյանը:
Ըստ նրա` եթե այսօր հիշյալ հերոսները ողջ լինեին կպայքարեին «այն խայտառակ իրավիճակի դեմ, որ հանրապետությունում տիրում է», կպայքարեին այնպես, ինչպես Ժիրայր Սեֆիլյանը, ով նույնպես «իսկական մտավորական է»:
Հախվերդյանի գնահատմամբ՝ այսօր շատերը կարծում են, որ եթե փողկապ են կապել, ուրեմն մտավորական են. «Է, հա, կապիկի վրա էլ կարող ես «գալուստուկ» կապել, պիջակ հագցնես, խորհրդարանում նստի, էլի կասի՝ ես մտավորական եմ, մեր ժողովրդի շահերն են պաշտպանում»:
Իրականում, Ռ. Հախվերդյանի խոսքերով, այդ երթուղային տաքսու գծատերերը, սուպերմարկետների սեփականատերերը հակամտավորականներ են:
«Մենք մարդու, հերոսի չափանիշը կորցրել ենք, որովհետեւ նյութը դարձել է արժեք: Եվ դրա փոփոխությանը կարելի է հասնել միայն մշակույթով»,- նկատում է Դավիթ Ամալյանը: Հախվերդյանն էլ հավելում է, որ եթե մեր մշակույթի նախարարը Հասմիկ Պողոսյանն է, «շոու բիզնեսն էլ սենց կծաղկի»:
Վերջինիս կարծիքով՝ այսօր մենք հայերենով երգեր ենք լսում, բայց երգի բառերն ամենեւին չենք հասկանում, ճիշտ այնպես, ինչպես անգլերեն երգեր լսելիս: Ուրեմն ավելի լավ է Սթինգ կամ «Շադե» լսենք, կշահենք նրանով, որ գոնե լսածներս ճաշակով երաժշտություն կլինի:
«Նախարարը հրաման հանեց, որ չի կարելի «պլյուս» երգել: Եթե ես նախարարի տեղը լինեի (հեռու ինձնից), կմտածեի՝ ինչ երգենք: Որովհետեւ, եթե այդ մարդը երգում է՝ «ես պիվա չունեմ կամ ջհանդամը, թե չունես», կարեւոր չէ՝ «մինուս» է երգում, թե պլյուս», ասում է Դ. Ամալյանը:
Հախվերդյանն էլ հավելում է, որ այսօր հիմնականում տառապած սեր են երգում. «Սերն անկողնում է լինում, ինչո՞ւ են տառապում, մարդ չի հասկանում: Մազոխի՞զմ է, սադի՞զմ է… Հայ երգին բնորոշ չէ լացկանությունը: Հլը մի հատ Կոմիտաս լսեք, լաց լինելու ոչ մի բան չկա: Բայց դեռ կոմունիստների ժամանակվանից փոշին նստացրին Կոմիտասի վրա»:
Վերջինիս կարծիքով՝ մշակույթի նախարարը իրականում շատ բան կարող է փոխել, բայց նրանից առաջ պետք է երկրի նախագահն իր տեղում լինի, որպեսզի կարողանա ճիշտ կադրեր ընտրի:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել