
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չհայտարարված այցով ժամանել է Կիև
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն չհայտարարված այցով շաբաթ օրը՝ հունիսի 10-ին ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։ Այդ մասին հայտնում է Европейская правда-ն։ Կիևում կանադական վարչապետի լուսանկարը տարածվել է սոցիալական ցանցերում և կանադական լրատվամիջոցներում։
Կանադայի վարչապետն Ուկրաինայում է փոխվարչապետ Խրիստա Ֆրիլանդի հետ, որն ունի ուկրաինական ծագում։
Թրյուդոյի այցի մասին նախապես չէր հայտարարվել, ինչպես դա արվում է արևմտյան բազմաթիվ առաջնորդների պարագայում։ Նպատակն անվտանգության ապահովումն է։
Կիևում Թրյուդոն իր այցն սկսել է Հիշատակի պատին ծաղկեպսակ դնելով, որը նվիրված է ռուս-ուկրաինական պատերազմում զոհվածներին։ Գլխավոր հանդիպումը կլինի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նախագահ Զելենսկին նրան կընդունի Կիևի Մարինյան պալատում։
Սա Ջասթին Թրյուդոյի երկրորդ այցն է Ուկրաինա այն բանից հետո, երբ 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Վերջին անգամ նա Կիև էր այցելել 2022 թվականի մայիսին։
2023 թվականի մայիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց էր ունեցել Կանադայի վարչապետի հետ, որի ընթացքում քննարկվել էր երկարաժամկետ պաշտպանական համագործակցության ծրագիրը, ինչպես նաև նշվել Կանադայում ռուսական ակտիվների բռնագրավման մեկնարկը։
Ապրիլի վերջին Կանադայի կառավարությունը հայտարարել էր Ուկրաինային 39 միլիոն կանադական դոլարի (28,9 միլիոն ԱՄՆ դոլար) ռազմական օգնության նոր փաթեթի մասին։
Լուսանկարը՝ REUTERS/Valentyn Ogirenko/Pool
Մեկնաբանել