HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի ԶՈւ-ն Զապորոժյեի մարզում հասել է լոկալ հաջողությունների. ISW

Ուկրաինայի զինված ուժերը Զապորոժյեի մարզի արևմուտքում Օրեխովոյից դեպի հարավ-արևմուտք և հարավ-արևելք հակահարձակման ժամանակ հասել են լոկալ հաջողությունների։ Այդ մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW)՝ հղում անելով հունիսի 10-ի դրությամբ առկա գեոլոկացիոն կադրերին։

ISW-ում նշում են, որ չնայած գեոլոկացիոն կադրերը ցույց են տալիս Զապորոժյեի մարզում ուկրաինական զինուժի առաջխաղացումը, ռուսաստանցի ռազմական թղթակիցները պնդում են, որ այդ շրջանում ՌԴ զորքերը հաջողությամբ պաշտպանվում են ուկրաինական հարձակման փորձերից։

Վերլուծաբանները հայտարարել են, որ նույն մարզում ռուսական զորքերը շարունակում են պաշտպանվել ուկրաինական հարձակումներից՝ մարտավարական պաշտպանական դոկտրինի հիման վրա։

«ISW-ի նախնական գնահատմամբ՝ ռուսական զորքերը արձագանքել են Զապորոժյեի մարզի արևմուտքում ուկրաինական հակահարձակման գործողությունների մեկնարկին՝ համաձայն հաստատված ռուսական դոկտրինի, որը նախատեսում է, որ զորքերի առաջին էշելոնը, ականապատ դաշտերի, ամրությունների և հենակետերի միջոցով, հետ է մղում կամ դանդաղեցնում է  հարձակողական գործողությունները, իսկ զորքերի երկրորդ էշելոնը հակահարված է տալիս հակառակորդի ճեղքման ցանկացած փորձին»,- նշում են ամերիկացի վերլուծաբանները։ Վերջիններիս փոխանցմամբ՝ վերջին օրերին Ուկրաինայի հարավում ուկրաինական հարձակումների մասին ռուսական հաղորդագրությունները վկայում են այն մասին, որ ուկրաինական զորքերն ունենում են սահմանափակ առաջխաղացում և ժամանակավորապես զբաղեցնում նոր դիրքեր։

ISW-ում հայտարարել են, որ ուկրաինական զորքերն այժմ փորձում են իրականացնել չափազանց բարդ մարտավարական գործողություն՝ պատրաստված պաշտպանական դիրքերի ճակատային գրոհ, որն էլ ավելի բարդանում է օդում առավելության բացակայության պատճառով: Ընդ որում, ինչպես նշում են ինստիտուտում, ուկրաինական ուժերի նախնական գրոհները չպետք է արտածվեն ուկրաինական բոլոր գործողությունների կանխատեսման համար։

«Զարմանալի չէ, որ ուկրաինական զորքերը կորուստներ են կրում Ուկրաինայում ռուսական ամենապատրաստված ուժերի դեմ նախնական հարձակումների ժամանակ: Սակայն նախնական գրոհները, հատկապես կադրերը, որոնք ռուսական աղբյուրները միտումնավոր տարածում և լուսաբանում են, ներկայացուցչական չեն ուկրաինական բոլոր գործողությունների համար։ Ռուս զինվորականները շարունակում են մնալ վտանգավոր, ուկրաինական ուժերին, անշուշտ, դժվար պայքար է սպասվում, բայց Ուկրաինան դեռ չի տեղափոխել իր հակահարձակողական ուժերի ճնշող մեծամասնությունը, իսկ ռուսական պաշտպանությունը հավասարաչափ ամուր չէ ճակատային գծի բոլոր հատվածներում»,- հավելել են ISW-ում։

Լուսանկարը՝ Viacheslav Ratynskyi/Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter