«Մեծապատիվ մուրացկանների» տրիումֆը Լենինականի դրամատիկական թատրոնի բեմում՝ Վ. Աճեմյանի մեկնաբանմամբ (1934թ.)
«...Թատրոնի հայտարարությունների տախտակի մոտ բազմաթիվ դերասաններով շրջապատված Ցոլակ Ամերիկյանը ձեռնափայտը մի ձեռից մյուսն էր գցում և շարունակ կրկնում.
-Սա խայտառակություն է...
Նա այնքան հուզված էր, որ նույնիսկ հավաստիացնում էր հավաքվածներին, թե կհեռանա Լենինականի թատրոնից: Ամերիկյանի զայրույթի պատճառը Վարդան Աճեմյանի կատարած դերաբաշխումն էր: Բեմադրիչը որոշել էր, որ «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման մեջ Ամերիկյանը պետք է խաղա ոչ թե Աբիսողոմ աղա, այլ՝ Մանուկ աղա: Բոլորն էին զարմացած և զայրացած: Ախր դա ի՞նչ կատակ է: Ամերիկյանը լավ է տիրապետում արևմտահայ լեզվին (ծնվել էր Արևմտյան Հայաստանի Տրապիզոն քաղաքում), տարիներ շարունակ թատերական տարբեր խմբերում կատարել է այդ դերը և գովեստի արժանացել: Եվ հանկարծ...Մանուկ աղա: Մինչդեռ Աբիսողոմ աղայի դերում ընտրվել էր Լևոն Զոհրաբյանը, որ հայերեն գրաճանաչությունը նոր-նոր էր սովորում (ծնվել է Բաթումիում, հաճախել ռուսական դպրոց) էլ ուր մնաց տիրապետեր Պոլսո բարբառին...
-Չէ, սա ինչ-որ թյուրիմացություն է»:
Բայց քչերն էին կռահում, որ հենց այդ դերաբաշխման մեջ Աճեմյանն արդեն գտել էր ներկայացման ձևն ու ոճը, այն բանալին, որով պիտի բացեր տարիներ շարունակ կիսափակ մնացած դռները: Բազմաթիվ են եղել «Մեծապատիվ մուրացկաններ»-ի բեմադրությունները: Նրանցով հրապուրվել են ոչ միայն պրոֆեսիոնալ դերասանները, այլև՝ սիրողները: Աբիսողոմ աղային մարմնավորած դերասաններից ժամանակակիցները դրվատանքով են արտահայտվել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Աբելյանի (1865-1925թթ.) և դերասան, բեմադրիչ Արամ Վրույրի (1863-1924թթ.) մասին: «...այնպիսի չկրկնված, օրիգինալ, խարակտերիստիկ շարժուձևեր, խոսակցության այնպիսի յուրահատուկ ինտոնացիա, այնպիսի բնական խաղ, որ դիտողի առջև կանգնում էր մի կենդանի, անմոռանալի, անշաբլոն, թերևս ամենաճիշտ Աբիսողոմը»,- գրել է Դերենիկ Դեմիրճյանը:
Հովհաննես Աբելյանն այն ժամանակ թերևս առավել ճիշտ էր մեկնաբանում դերը, քան ուրիշները: Այդպես են ասում, որովհետև Աբելյանը խաղացել է Աբիսողոմ աղայի դերը՝ ձեռքի տակ ունենալով այն բեմականացումը, որի հեղինակն էր Ադամ Սարդարյանը: Իսկ այնտեղ Աբիսողոմ աղան ներկայացված է որպես գավառական ապուշին մեկը, որը Պոլիս ընկնելով կորցնում է գլուխը և սունդուկները հազիվ հավաքած՝ ծեծ ու ջարդի տակ մազապուրծ ճողոպրում Տրապիզոն՝ այլևս Պոլիս ոտք չդնելու, այնտեղից հարսնացու չընտրելու հաստատ որոշմամբ:
Ժամանակակիցների և մամուլի վկայությամբ՝ Աբիսողոմ աղայի դերը հյութեղությամբ է կերտել նաև Արամ Վրույրը, որը միաժամանակ հիանալի էր տիրապետում պարոնյանական լեզվի առանձնահատկություններին: Միամիտ, ապուշ եւ տգետ Աբիսողոմ աղա և «զեվզեկ» Մանուկ աղա, ահա սրանցով էին աչքի ընկնում «Մեծապատիվ մուրացկաններ»-ի նախահեղափոխական բեմադրությունները:
1934թ-ին, Լենինականի դրամատիկական թատրոնում, Աճեմյանը որոշում է ստեղծել պիես՝ նոր մտահղացմամբ, ավելի հարազատ Պարոնյանի ոգուն ու գաղափարներին: Ծաղկաքաղ կատարելով Պարոնյանի մի շարք ստեղծագործություններից՝ «Քաղաքավարության վնասները», «Ազգային ջոջեր», «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ», հիմք ունենալով «Մեծապատիվ մուրացկաններ» վիպակը՝ նա ստեղծում է նոր որակի, գաղափարական նոր կոփվածքի կատակերգություն:
«Աճեմյանի հայացքն ընդգրկել էր Պարոնյանի ոճն իր ողջ նրբությամբ ու ինքնատիպ առանձնահատկությամբ,- գրում է թատերագետ Ռազմիկ Մադոյանը,- չի կարող պարոնյանական Աբիսողոմը ունենալ ներքին ու արտաքին այնպիսի նկարագիր, որպիսին կարող էր պատկերել Ցոլակ Ամերիկյանը: Ո՛չ, Աբիսողոմի աչքերի մեջ պետք է լինեն խորամանկություն, համբերատար կերպով իր նպատակին ձգտող մարդու համառություն, ինչ-որ չափի բթամտություն և անորոշություն, որոնք կարող էին դրսևորում ստանալ Լևոն Զոհրաբյանի արտիստական անհատականության միջոցով: Իսկ փոխարենը՝ Պարոնյանի Մանուկ աղան պետք է ունենա անմիջականություն, դյուրաբորբոքություն և անգամ որոշ միամտություն: Դժվար չէ այժմ ասել, որ Լենինականի թատրոնում միայն Ամերիկյանը կկարողանար ստեղծել բնավորության այդպիսի գծերով առանձնացող բեմանկար»:
Հենց Աբիսողոմի և Մանուկի բնավորությունների մատուցման ձևն ու ոճն էլ դարձան «Մեծապատիվ մուրացկաններ»-ի բեմադրության ընդհանուր ոճն ու ձևը, նրանց դերակատարների խաղի ռիթմն էլ պայմանավորեց ամբողջ ներկայացման ռիթմը: Նկարչական և երաժշտական ձևավորումը ևս ապահովել էին ներկայացման հաջողությունը: Ներկայացման համար երաժշտությունը պատվիրվել էր Ս. Բարխուդարյանին: Ներկայացման ամեն մի գործող անձ ուներ իր երաժշտական թեման: Չխաթարելով կատակերգության ոգին՝ նկարիչներ Ա. Սարգսյանն ու Ս. Արուտչյանն էլ ստեղծել էին մոնումենտալ ոճի, խոշոր ընդհանրացումների ձևավորում: Տաղանդավոր քանդակագործ Ա. Սարգսյանին օգնել էր իր քաջատեղյակությունը Պոլսո կյանքին ու կենցաղին: Շողակաթին մարմնավորում էր ՀԽՍՀ և ԽՍՀՄ արտիստուհի Արուս Ասրյանը՝ Վարդան Աճեմյանի կինը: Հենց այս դերն ու ներկայացումն էր, որ պիտի հռչակ ու ճանաչում բերեր դերասանուհուն:
«Մեծապատիվ մուրացկաններ»-ը երեք դերակատարումների ներկայացում էր: Սակայն առավել հետաքրքրական բեմանկարը, որ մտավ հայ թատրոնի նվաճումների գանձարան, Ամերիկյանի Մանուկ աղան էր: Վահրամ Փափազյանն, անդրադառնալով Ցոլակ Ամերիկյանի խաղին, խոստովանել է. «Ցոլակը ոչ թե երբեմն… քավ լիցի, այլ մնայուն ցոլք կըմնա հայ թատրոնում՝ իր անկրկնելի Մանուկ աղայով: Ցոլակը, եթե ուրիշ բան էլ չունենար իր խաղացանկում, Մանուկ աղան հերիք էր առաջնակարգ դիրքերից մեկը գրավելու համար Ցոլակի՝ աշխարհի բեմում»:
«Դերասան Բաբկեն Գաբրիելյանին նվիրված հուշ-երեկոյի ժամանակ ծրագրում ներառված էր նաև մի գործողություն «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացումից: Օթյակում Փափազյանի կողքին նստածները ոչ այնքան ներկայացմանն էին հետևում, որքան իրեն՝ Փափազյանին: Սկզբում լուռ էր վարպետը և երբեմն սրամիտ բառեր էր նետում սրա-նրա հասցեին: Ժամանց: Բայց ահա ներկայացումն ընկնում է հունի մեջ, դերակատարները՝ առավել ևս Ամերիկյանը, որ տարերքի դերասան էր, գտնում են իրենց: Թաշկինակն այնուհետև երբեք չհեռացավ վարպետի ձեռքից: Նա շարունակ արտասուքներն էր սրբում: Բայց ի՞նչն էր, որ այդպես կախարդել էր նրբաճաշակ արվեստագետին և ստիպել թերևս առաջին ու վերջին անգամ գոչելու՝ մեղա՜… մեղա՜...
Հավատարմությունը Պարոնյանի ոճին, Պոլսո վարք ու բարքին: «Ես վաղեմի ծննդավայրս տեսա»,-գրում է նա: Եվ այսպես, նրան՝ արևելահայ կյանքի քաջագիտակ մարդուն, կաշառել էր ոճի անաղարտությունն ու գործողությունների, իսկ որ ավելի կարևոր էր՝ բնավորությունների հավաստիությունը»,- իր թատերագիտական հիշողություններում գրում է Ռ. Մադոյանը:
Լենինականի թատրոնի ոչ մի նոր բեմադրության մասին հենց սկզբից այնքան գովեստով չեն արտահայտվել, ինչպես «Մեծապատիվ մուրացկանների»: Բոլորն էլ, նույնիսկ ամենաչմահավան արվեստագետները, գրողները, «Մեծապատիվը» որակել են որպես «տրիումֆ», «փայլուն հաղթանակ»: Նաիրի Զարյանը «Բանվոր » թերթում 1934թ-ին գրել է. «Լավագույնը, ինչ կա Պարոնյանի մոտ» հոդվածը, որն ավարտել է հետևյալ տողերով. «Լենինականի թատերական կոլեկտիվը կարողացել է Պարոնյանին հանել այնպիսի բարձրության վրա, որպիսին աննախընթաց է մեր թատերական պատմության մեջ»:
Գլխավոր լուսանկարը՝ հայտնի երգիծանկարիչ Ալեքսանդր Սարուխանի՝ «Մեծապատիվ մուրացկաններ» գրքի համար 1948թ-ին արված շարքից: Հոդվածը պատրաստվել է՝ ըստ Ռազմիկ Մադոյանի «Գյումրու թատրոնը 1865-1965թթ.» գրքի:
Մեկնաբանել