HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Ադրբեջան

Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցն է իրականացնում։ Հունիսի 12-ի ուշ երեկոյան նա ժամանել է Ադրբեջան, որտեղ նախատեսվում է Էրդողանի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ։ 

Օդանավակայանում նրան դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը և այլ պաշտոնատար անձինք։

Էրդողանի գլխավորած պատվիրակությունը բազմամարդ է։ Նրան ուղեկցում են կինը՝ Էմինե Էրդողանը, արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը, Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունը և պաշտպանական արդյունաբերության բաժնի ղեկավար Հալուք Գյորգյունը։

Էրդողանը Ադրբեջան է ժամանել Հյուսիսային Կիպրոսից, որտեղ այցելել էր դեռ առավոտյան։ Չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը նշել էր, որ ավանդույթի համաձայն՝ Հյուսիսային Կիպրոսից կմեկնի Ադրբեջան։

Էրդողանի այցի վերաբերյալ թվիթերյան գրառում էր արել նաև Բաքվում այդ երկրի դեսպան Ջահիթ Բաղչին։ «Սպասում ենք մեր հարգելի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այսօր կկայանա մեծ հանդիպում և եղբայրների գրկախառնություն»,- գրել էր Բաղչին՝ հրապարակելով Էրդողանի ու Ալիևի լուսանկարները։ 

Ի դեպ, ավելի վաղ նշվում էր, որ Էրդողանը Ադրբեջան կմեկնի հունիսի 13-ին, սակայն այսօր հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահը Բաքվում կլինի պլանավորվածից ավելի վաղ։

Թուրքական լրատվամիջոցները նաև գրում են, որ Ադրբեջան այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում է նաև նախագահի նախկին թեկնածու Սինան Օղանը, որը ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ իր աջակցությունն էր հայտնել Էրդողանին։ Նա ադրբեջանական ծագում ունի։ 

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter