HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դպրոցների ու քոլեջների միավորում՝ Արմավիր քաղաքում. ուսուցիչներն այդ մասին տեղեկացել են համացանցից

Արմավիր քաղաքի թիվ 4 ավագ դպրոցում թեև դասերն ավարտվել են, սակայն բակն այսօր մարդաշատ էր: Բարձր հնչում էր դպրոցի հիմնը, իսկ քիչ հեռվում աշակերտներն ու դպրոցի նախկին շրջանավարտները ստորագրահավաք էին կազմակերպում՝ դպրոցը քաղաքի թիվ 1 ավագ դպրոցին միավորելու կառավարության որոշման նախագծի դեմ: Այդ իրարանցումը մերթընդմերթ ընդհատվում էր աշակերտների խոսքով, որոնք դեմ էին արտահայտվում կառավարության մտադրություններին:

Դպրոցի մանկավարժական կազմը, ծնողներն ու աշակերտներն անակնկալի են եկել, երբ պատահմամբ տեղեկացել են, որ հանրային քննարկման է դրվել կառավարության որոշման նախագիծ, որով ցանկանում են Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը վերակազմակերպել` միացնելով Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին:

«Նախագիծ է շրջանառվում, սակայն շահագրգիռ կողմերին այդ մասին չեն տեղեկացնում: Մենք պատահմամբ ենք իմացել: Թե դա ինչքանով է հիմնավոր, ինչ հակափաստարկներ կբերենք իրենց ներկայացրածին՝ հարցի մյուս կողմն է: Այսօր կարևորն այն է, որ այդ նախագիծը հետ կանչվի, մեզ հետ քննարկվի, որ կարողանանք բերել փաստարկներ, թե ինչու չպետք է միավորվեն դպրոցները»,- ասում է թիվ 4 ավագ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Լիլիթ Եփրեմյանը:

Նա նշեց, որ նախորդ շաբաթ այդ խնդրանքով արդեն նամակ են ուղարկել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Պատասխան դեռ չունեն: Այսօր նամակ են ուղարկել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նշենք, որ հրապարակված նախագծի համաձայն՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  առաջարկում է Արմավիր քաղաքի երկու ավագ դպրոցները միացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիվ 1 ավագ դպրոցն ունի առավել բարենպաստ շենքային պայմաններ, «գտնվում է քաղաքի գրեթե կենտրոնական հատվածում», ունի ցանկապատված ընդարձակ տարածք, կանաչապատ  հողատարածք,  բացօթյա մարզահրապարակ, 2 մարզադահլիճ, 2 ապաստարան, և նախագծային հզորությունը նախատեսված է 1000 աշակերտի համար: Նշվածն, ըստ հիմնավորման, լիովին կբավարարի 2 ավագ դպրոցների բոլոր աշակերտների ուսումնական գործընթացը բնականոն կերպով կազմակերպելու համար։ 

Թիվ 1 դպրոցում սովորում է 287 աշակերտ, իսկ թիվ 4-ում՝ 43-ով պակաս՝ 244 աշակերտ: Վերջինս էլ նախատեսված է 680 աշակերտի համար:

Միացման հետևանքով նոր հաստիքացուցակի հաստատմամբ հնարավոր են վարչական և ուսումնաօժանդակ հաստիքների կրճատումներ, մասնավորապես, պայմանավորված նոր ուսումնական տարվա սկզբին արտադրական ծավալների փոփոխմամբ:

Զուգահեռ հանրային քննարկման է դրվել ևս մեկ որոշման նախագիծ, ըստ որի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» և «Արմավիրի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ները միացման ձևով վերակազմակերպվելու են՝ միացվելով «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ»-ին:

Նախագծով առաջարկվում է թիվ 4 ավագ դպրոցից հետ վերցնել 7 քմ մակերեսով անշարժ գույքը, 26.8 քմ մակերեսով կաթսայատունը և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Արմավիրի տարածաշրջանային պետական  քոլեջ»-ին: Թե ինչ է լինելու հիմնական շենքի հետ, որոշման մեջ նշված չէ:

Իսկ «Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ»-ի  1 քմ մակերեսով անշարժ գույքը, 9.6քմ պահակատունը, 24.4քմ մակերեսով էլեկտրական ենթակայանը, 599.7 քմ օժանդակ շինությունը, 86.6 քմ մակերեսով պահեստը և դրա զբաղեցրած՝ սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 2,445 հա հողատարածքը հետ վերցնել ինդուստրիալ-մանկավարժական քոլեջից և թողնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:

Կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ հրապարակված հիմնավորման, 2 ավագ դպրոցների և 4 միջին մասնագիտական ու նախնական արհեստագործական  ուսումնական ծրագրեր իրականացնող հաստատություններում սովորողների թվաքանակի և հաստատություններին ամրացված ուսումնական տարածքների օպտիմալ օգտագործումն է:

Լիլիթ Եփրեմյանն ասաց, որ գրություն ունեն, ըստ որի՝ նախարարությունից խոստացել էին մինչև 2026թ. թիվ 4 դպրոցը ընդգրկել պետական ծրագրերով հիմնանորոգվող կրթական հաստատությունների ցանկում: Եվ իրենց նախապես չեն ասել, որ դպրոցն օպտիմալացվելու է:

Թիվ 4 ավագ դպրոցի տնօրեն Անի Քալաշյանն էլ նշեց, որ 2017թ-ին, երբ ընտրվել է դպրոցի տնօրեն, այդ ժամանակ ևս խոսում էին դպրոցը փակելու մասին: Դարձյալ տարբեր խոսակցություններ էին շրջանառվել, որ շենքն օպտիմալացվելու է, որպեսզի տեղում կառուցեն բժշկական հաստատություն կամ մասնավորեցնեն:

Տնօրենն ասաց, որ մեկ տարի պայքարել են, որպեսզի այդ ժամանակ դպրոցը չմիացվի այլ դպրոցի: Դրանից հետո իշխանություն է փոխվել, պետական օղակներից հնչել են հավաստիացումներ, որ ոչ մի դպրոց չի օպտիմալացվելու: Հանդարտվել են, անցել բուն գործունեությանը՝ նպատակ ունենալով զբաղվել շենքի վերանորոգման աշխատանքներով: Այդ ընթացքում դպրոցում բազմաթիվ աշխատանքներ են կատարվել՝ սպասելով խոստացված կապիտալ վերանորգմանը:

«Մի քանի օր առաջ տեղեկացանք, որ դպրոցը դարձյալ ցանկանում են օպտիմալացնել: Այստեղ խոսքը չի ուսումնական գործընթացի, աշխատանքի որակի մասին չէ, որ վատ ենք աշխատում: Խոսում են շենքային պայմանների օպտիմալացման մասին: Ինձ մի հարց է հետաքրքրում՝ մեզ հետ հարցը չպիտի՞ քննարկվեր, թե՞ առանց մեզ կհաստատվեր կառավարության կողմից ու նոր միայն կտեղեկանայինք դրա մասին»,- հավելեց տնօրենը:

Տնօրենի տեղակալ Լիլիթ Եփրեմյանը նշում է, որ նախագծում թվարկել են թիվ 1 դպրոցի առավելությունները, մինչդեռ ոչ մի խոսք իրենց դպրոցի առավելությունների մասին: Մասնավորապես այն, որ անբարենպաստ պայմաններում մրցունակ են, ունեն հեղինակություն, օլիմպիադաների՝ այդ թվում՝ միջազգային, մասնակիցներ, մեդալակիրներ և այլն: Բացի այդ, այլ դպրոցի համար հիշատակված ապաստարանից իրենց դպրոցում էլ կա: Ավելին՝ այն նախատեսված է նաև շրջակա տների բնակիչների համար:

Ուսուցիչները նշում են՝ եթե բերվեր փաստարկ, որ որակապես հետ են մնում, աշակերտների թիվն, օրինակ, կրկնակի պակաս է մյուս դպրոցի աշակերտների թվից, գուցե հաշտվեին այդ մտքի հետ: Նման պատճառներ չկան: Ավելին՝ տնօրենի խոսքով՝ նույնիսկ վատ շենքային պայմաններն աշակերտներին հետ չեն պահում, որպեսզի ուսումը շարունակեն թիվ 4 ավագ դպրոցում:

Սակայն մի բանում վստահ են՝ այս նախագիծն արդեն լուրջ վնասում է դպրոցի՝ տարիներով ստեղծած հեղինակությունն ու ջանքերը: Այժմ ծնողները գուցե իրենց երեխաներին այլ դպրոց տանեն, քանի որ թիվ 4 դպրոցի ապագան անորոշ է:

Մանկավարժները, համադրելով որոշ փաստեր, ենթադրություններ են անում, որ դպրոցի շենքը վերցնելու են բոլորովին այլ նպատակներով: Ծրագրեր կան, որ «Ռելեի» նախկին գործարանի տարածը, որը գտնվում է դպրոցի անմիջապես դիմաց, վերակառուցվելու է և դառնալու է բարձրահարկ շենքերով նոր թաղամաս: Բնականաբար գույքի գներն այդ հատվածում ավելանալու է: Մտավախություն կա, որ դպրոցի շենքը մասնավորցնելով՝ մի օր վերածելու են բիզնես նախագծի:

Նշենք, որ թիվ 4 ավագ դպրոցի շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ բանուկ հատվածում: Հարևանությամբ գտնվում է ոստիկանությունը, հիվանդանոցը, պոլիկլինիկան, Արմավիր քաղաքի գլխավոր զբոսայգին, ինչն ավելի հրապուրիչ է դարձնում տարածքը: 

Ըստ Լիլիթ Եթրեմյանի՝ դրան է բերում նաև այն համոզմունքը, որ տարիներ շարունակ իրենց հավաստիացրել են, թե դպրոցը կապիտալ վերանորոգվելու է, սակայն ոչինչ չի արվել: Ավելին, ուսուցիչները ցույց տվեցին, թե տարիներ շարունակ, ինչպես է դպրոցի տարածքից հողերը վաճառվել այլ անձանց: Դրա հետևանքով նույնիսկ դպրոցի վթարային ելքերն են փակվել ու ոչ ոք քայլեր չի ձեռնարկել: Այսինքն ստեղծվել են անհարմարություններ՝ դպրոցի հետագա գոյության համար:

Տնօրենը Արմավիրի համայնքապետարանից հետաքրքրվել է, թե ինչ հիմքով են դպրոցին նախկինում պատկանող հողերի վրա կառուցվել խանութներ, կրպակներ: Հնչել է պատասխան, որ դրանք տարիներ առաջ օրինական ճանապարհով են օտարվել:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Գրիգորյանը, հիշատակելով նախագիծը, ասում է, որ թիվ 1 դպրոցի առավելություններից նշվում է դպրոցի ցանկապատ տարածք ունենալը:

«Իսկ ինչու 4-րդ դպրոցը չունի տարածք: Չունի, որովհետև վաճառվել է: Երկու կողմից փողոցի երկայնքով դպրոցի տարածքը վաճառել, դարձրել են փոքր խանութներ: Դպրոցը մնացել է ստվերում, փակուղում, բայց ու՞մ մեղքով: Գուցե այդ տարածքների վերադարձով զբաղվեն»,-ասաց Ա. Գրիգորյանը:

Սերյոժա Քոլոզյանը սովորում է թիվ 4 ավագ դպրոցի 12-րդ դասարանում: Նա ևս ելույթ ունեցողների թվում էր՝ պարբերաբար ոգևորելով հավաքված աշակերտներին և ուսուցիչներին:

«Մենք ուզում ենք սովորել մեր դպրոցում: Ընտրել ենք 4-րդ դպրոցն ու չենք նայել շենքային պայմաններին: Ներսում ստեղծել ենք լավ կորիզ ու ուզում ենք այս կորիզը պահպանել: Այս դպրոցում պետք է սովորեն նաև մեր եղբայրները, մեր երեխաները: Այս տարիների ընթացքում 4-րդ դպրոցը կերտել է պատմություն, մշակույթ ու այդ մշակույթը պետք է շարունակվի: Այդ պատմության կերտողներից եղել են նաև 6 հերոսացած տղաները, ովքեր սովորել են այս դպրոցում: Մենք պարտավոր ենք նրանց գործը շարունակել»,-ասաց Ս. Քոլոզյանը:

Աշակերտների հետ դպրոցի բակում կանգնած էր նաև 2022թ. մայիսի 28-ին թշնամու կողմից հրազենային վիրավորում ստացած ու ժամեր անց մահացած Դավիթ Վարդանյանի հայրը՝ Վահան Վարդանյանը:

«Ես դեմ եմ այս դպրոցի միացմանը: Իմ հերոս տղան 1-ին դասարանից մինչև 12-րդ դասարան սովորել է 4-րդ դպրոցում: Այդ դպրոցից է զորակոչվել բանակ: Դպրոցի շրջանավարտ զոհված տղաների համար դպրոցի բակում անկյուն եմ ստեղծել: Դեմ եմ, որ որևէ մեկն այդ անկյունին կպնի»,- ասում է Վահան Վարդանյանը:

Աշակերտներն արդեն 600-ից ավել ստորագրություն էին հավաքել, որի թիվն ավելանում էր: Դրանք փոխանցվելու են պատկան մարմիններին՝ որոշում կայացնլուց առաջ, որպեսզի հաշվի նստեն այդ անձանց հետ:

Մեկնաբանություններ (1)

Լենա
Դեմ եմ դպրոցը փակվելուն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter