
Ռուսական զինուժը հրթիռակոծել է ուկրաինական Կրիվոյ Ռոգը. կա 10 զոհ ու առնվազն 28 վիրավոր
Առնվազն 10 մարդ է զոհվել, ևս 28-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ ռուսական զորքերի կողմից հունիսի 13-ի գիշերը Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի հրթիռակոծության հետևանքով։ Այդ մասին հայտնել է Կրիվոյ Ռոգի քաղաքական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը։
Դնեպրոպետրովսկի մարզային վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակն էլ նշել է, որ 19 մարդ հոսպիտալացվել է։ Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ 7 մարդ կարող է դեռևս գտնվել փլատակների տակ։
Կրիվոյ Ռոգում պայթյունները գրանցվել էին գիշերը՝ մոտ 03:00-ին։ Քաղաքային վարչակազմի ղեկավարի խոսքով՝ ռուսական զորքերը քաղաքի տարբեր հատվածներում հրթիռակոծել են «մի քանի բացառապես խաղաղ օբյեկտներ», այդ թվում՝ հինգհարկանի բնակելի շենք։
Լիսակի խոսքով՝ շենքում հրդեհ է բռնկվել։ Հարվածների տակ են հայտնվել նաև պահեստներից մեկը, ավտոմոբիլային ձեռնարկությունը, փրկարար ծառայության ստորաբաժանման կետը և անանուն մի օբյեկտ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով իր հայրենի Կրիվոյ Ռոգի քաղաքացիական օբյեկտներին հարվածները, հայտարարել է, որ «ռուսական մարդասպանները շարունակում են իրենց պատերազմը բնակելի շենքերի, սովորական քաղաքների ու մարդկանց դեմ»։ Զելենսկին տեսանյութ է հրապարակել, որն արված է բնակելի շենքի մոտ։
Լուսանկարը՝ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության
Մեկնաբանել