
Արտաքին գնաճային ազդեցությունները թուլանում են. ԿԲ-ն 0.25 կետով իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը
Համաշխարհային տնտեսությունից Հայաստանի տնտեսության վրա գնաճային ազդեցությունները շարունակում են էականորեն թուլանալ։ Ներմուծվող որոշ ապրանքների գների նվազման, և դրամի արժևորման արդյունքում Հայաստանում գնաճի տեմպերը սկսել են նվազել։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի մայիսին, 2022 թվականի մայիսի համեմատ, գնաճը Հայաստանում կազմել է 1.3%։
Կենտրոնական բանկի կանխատեսումներով՝ տարվա վերջում գնաճը 4%-ից ցածր կլինի։ «Վերջին զարգացումների ընթացքում մենք տեսնում ենք, որ տեղի է ունեցել մի ֆենոմեն, որ ներմուծվող պարենային ապրանքների գները շատ ավելի կտրուկ են նվազում, քան մենք նախկինում կանխատեսում էինք»,- ասել է ԿԲ նախագահը։
Կենտրոնական բանկն այսօր որոշել է 0.25 տոկոսային կետով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10.5%:
Վերջին անգամ այն իջեցվել էր երեք տարի առաջ՝ 2020 թվականի հունիսին, որից հետո, գնաճի տեմպերի արագացմանը զուգահեռ՝ տոկսադրույքը գնալով բարձրացել է։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով Կենտրոնական բանկը վարկեր է տրամադրում գործող առևտրային բանկերին: Կենտրոնական բանկը բարձրացնում է տոկոսադրույքը, երբ երկրում գնաճային ռիսկեր են գրանցվում, որ բանկերի վարկերի տոկոսները ևս բարձրանան, բնակչության ծախսերը զսպվեն և չնպաստեն գնաճին: Իսկ երբ գնաճը սկսում է նահանջել, իջեցնում է տոկոսադրույքը։
Կենտրոնական բանկի գնահատականներով՝ 2023 թվականին Հայաստանի տնտեսական աճը կկազմի 6.9%: Նախորդ կանխատեսման համեմատ՝ գլխավոր դրամատունը 1%-ային կետով ավելացրել է ցուցանիշը, որը պայմանավորված է շինարարության և ծառայությունների ավելի առաջանցիկ աճով, քան նախապես կանխատեսվում էր։
Ի տարբերություն շինարարությանը և ծառայությունների, արդյունաբերության աճի վերաբերյալ կանխատեսումները փոքր չափով նվազեցվել են։ Գյուղատնտեսության ոլորտում ցածր աճ է կանխատեսվում։ Ինֆոգրաֆիկայում կանաչով և արդյունաբերության դեպքում՝ կարմիրով նշված են ԿԲ այսօրվա հայտարարած կանխատեսումները տնտեսության ոլորտների վերաբերյալ։ Մոխրագույնով՝ այս տարվա սկզբին արված կանխատեսումներն են։
Մեկնաբանել