Վիեննայում բացվել են հայաստանցի արվեստագետների ցուցահանդեսներ
Հունիսի 19-ին Վիեննայի կենտրոնում տեղակայված Ավստրիայի կրթության, արվեստի և մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող գեղանկարչական ցուցասրահում տեղի ունեցավ նախարարության «Artists in Residence» ծրագրի շրջանակներում Վիեննայում հյուրընկալված չորս գեղանկարչի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Մրցութային ծրագրի շրջանակներում Հայաստանից ընտրված երիտասարդ արվեստագետ Մերի Մունը (Ամիրխանյան) ներկայացրեց իր «ուրբանիստական» նկարչական նախագիծը՝ Վիեննայի քաղաքային տեսապատկերներով, որը նկարչուհու՝ Երևանի, Թբիլիսիի, ուկրաինական և գերմանական քաղաքային միջավայրի գեղապատճենմանը նվիրված շարքի մաս է կազմում:
Հանդիսավոր բացման արարողությանը ներկա էր և արվեստագետներին ուղղված խրախուսական ելույթով հանդես եկավ Ավստրիայի կրթության, արվեստի և մշակույթի նախարարության արվեստագետների փոխանակման ծրագրերի ղեկավար Նորբերտ Ռիդլը: Ցուցահանդեսի բացմանը մասնակցեց նաև Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:
Նույն օրը Վիեննայի «Կուլտուրկրայս Վին» ցուցասրահում բացվեց հայաստանցի արվեստագետ Արթուր Կարապետյանի գեղանկարչական գործերի անհատական ցուցահանդեսը: Նախաձեռնության հովանավորն էր Վիեննայի առաջին թաղամասի շրջանային խորհրդի մշակույթի հարցերով խորհրդական Գյունտեր Վոլֆգանգ Վախտլը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա Արման Կիրակոսյանը ողջունեց այս մասնավոր նախաձեռնությունը, որն իր ուրույն ներդրումն է բերում երկու երկրների միջև մշակութային կապերի ընդլայնման և ժողովուրդների փոխադարձ ճանաչողության գործին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել