Նախարարությունը գուցե փոխի դիրքորոշումը և ՏՏ ոլորտի աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրի «Հետք»-ին
Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարցուպատախանի ժամանակ պատգամավոր Բաբկեն Թունյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանից հետաքրքրվեց նախորդ տարի Կառավարության կողմից ՏՏ ոլորտի մի շարք ընկերություններին հատկացված մոտ 10 մլրդ դրամ աջակցության մասին: Հիմնավորումն այն էր, որ այդ ընկերությունները, աշխատելով այլ երկրների հետ, դրամի արժևորումից տուժել են:
Բաբկեն Թունյանը, թեև չնշեց «Հետք»-ի անունը, սակայն ասաց, որ «լրատվամիջոցներից մեկը» հարցում է ուղարկել նախարարություն, որպեսզի իմանա, թե որ ընկերություններն են աջակցություն ստացել և ինչ չափով: Պատասխան են ստացել, որ թե՛ ցանկը, թե՛ աջակցության չափը գաղտնիք է:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու՞ է հանրային միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը համարվում գաղտնիք, և արդյոք ճիշտ չէ՞ր լինի այդ տեղեկատվությունը տրամադրել:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, պատախանելով հարցին, ասաց, որ տեղյակ են «այդ զարգացումների մասին»: Նախարարը նշեց, որ մասնագիտական ստորաբաժանումների կողմից կարծիք էր տրվել, թե այդ տեղեկատվությունը կարող է պարունակել առևտրային գաղտնիք, և քանի որ աջակցություն ստացած ընկերությունների համաձայնությունը չունեին, տեղեկատվությունը չի տրամադրվել:
«Քննարկումների արդյունքում կարելի է փոխել եզրակացությունը, եթե հիմնավորվի, որ օրենսդրությամբ սահմանափակում չկա: Մենք դեմ չենք այդ տվյալները տրամադրելուն: Ուղղակի եթե ընկերությունների հետ պետք է համաձայնեցնել, դա կարող ենք տրամադրել համաձայնեցումից հետո»,- ասաց նախարարը:
Ռոբերտ Խաչատրյանը նշեց, որ ընկերությունների տվյալները գուցե տրամադրվեն, բայց աջակցության վերաբերյալ տեղեկատվությունը՝ ոչ, քանի որ իրավաբանական շրջանակների հետ քննարկման հարց է:
Բաբկեն Թունյանի կարծիքով, այդ տեղեկատվությունը գաղտնիք չի պարունակում, հետևաբար պետք է տրամադրվի: Թունյանը նշեց, որ լրատվամիջոցն արդեն դատական գործընթաց է սկսել նախարարության դեմ: Բացի այդ, այս գործելակերպը չի խոսում բաց ու թափանցիկ աշխատանքի մասին:
Հիշեցնենք, որ «Հետք»-ը նախարարության դեմ արդեն հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ վերը նշված տեղեկատվությունը ստանալու պահանջով:
Մեկնաբանել