HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պրոթեզավորումից հետո պատերազմի մասնակիցների հաշմանդամության կարգը փոխվում է

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ասաց, որ վերջերս ստացել է մի շարք ահազանգեր, որ բժշկասոցիալական փորձաքննության ծառայությունից զանգահարում են 44-օրյա պատերազմի  ժամանակ վերջույթներից զրկված զինծառայողներին և տեղեկացնում, որ իրենց հաշմանդամության 1-ին կարգը դարձել է 3-րդ կարգ: Պատգամավորը նախարարին խնդրեց պարզաբանել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասաց, որ հարցը մշտապես գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում:

Հաշմանդամության կարգում տեղի ունեցող փոփոխությունները նախարարը բացատրեց այն հանգամանքով, որ պատերազմի մասնակիցները կարգը ստացել են մինչև պրոթեզավորման գործընթացը, ինչը շարժունակության խնդիր է առաջացրել: Իսկ պրոթեզավորումից հետո տեղի է ունենում վերափորձաքննություն և որոշում է կայացվում փոփոխել հաշմանդամության կարգը, եթե անձն արդեն ունի շարժունակություն:

Նախարարը նաև նշեց, որ եթե պատերազմին մասնակցած անձի հաշմանդամության կարգում փոփոխություն է տեղի ունեցել, օրինակ՝ 1-ին կամ 2-րդ կարգը դարձել է 3-րդ կարգ, 3 տարի պահում են անձի սոցիալական երաշխիքները, սակայն չեն վիճարկում փորձագետների տված եզրակացությունը:

Պատգամավորը նշեց՝ դժգոհություններից մեկն էլ այն է, որ ինչքան էլ պրոթեզավորվում են, այն չի կարող փոխարինել իրենց վերջույթներին: Էմմա Պալյանը նախարարին խնդրեց հորդորել նախարարության աշխատակիցներին տեղում սպառիչ և բարեհամբույր պատասխանել անձանց, որպեսզի մարդիկ չվրդովվեն:

«Աշխարհում չկա այնպիսի մի պրոթեզ, որը, օրինակ՝ կարող է փոխարինել բնական վերջույթներին»,- ասաց նախարար Մկրտչյանը՝ հավելելով, որ ձեռք են բերում ժամանակակից պրոթեզներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter