
Հայկ Սարգսյանն առաջարկում է թմրանյութ հայտնաբերած ոստիկանին 500 հազար դրամ պարգևավճար տալ
Պատգամավոր Հայկ Սարգսյանը Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ առաջարկեց թմրանյութ հայտնաբերած ոստիկանին տալ դրամական պարգև՝ 500 հազար դրամի չափով: Ըստ պատգամավորի՝ այդ խրախուսանքը կոգևորի ոստիկանին և կմղի նորանոր դեպքեր բացահայտելուն:
«Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա մեծ գումար է, բայց մենք ավելի մեծ գումար ենք ծախսում այս չարիքի հետևանքները վերացնելու ուղղությամբ: Չասեմ, որ հաճախ դրանք վերացնելն անհնար է, արժենում է մարդկային կյանքեր, ընտանիքի բաժանման են հանգեցնում, ծնելիության նվազման են բերում»,- ասաց Հայկ Սարգսյանը:
Քանի որ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը Ազգային ժողովում չէր, պատգամավորը հարցի պատասխանը կստանա գրավոր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել