
Վահան Քերոբյանն ասում է, որ խաղողի մթերման վիճակը հուսադրող չէ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեց ծիրանի բերքահավաքի, խաղողի մթերման գների վերաբերյալ: Ծիրանի արտահանումը դժվարանում է, իսկ խաղողի գները՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, էժանանում:
Նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ էական սուբսիդավորում է արվում լոգիստիկ ծախսերի մասով: Առաջիկայում ուսումնասիրություններ կիրականացվեն տեղի և դրսի շուկաներում և կփորձեն արագ լուծումներ գտնել:
Ինչ վերաբերում է խաղողի մթերմանը, ապա Վահան Քերոբյանի փոխանցմամբ՝ գործարանները մինչև հուլիսի 1-ը այգեգործների հետ կնքելու են պայմանագրեր: Սակայն մթերումով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հետ խոսակցություններ ունեցել են, և այս պահի դրությամբ վիճակը հուսադրող չէ:
«Մենք չենք տեսնում, որ ամբողջ խաղողի բերքը մթերվելու է, և հիմա փորձում ենք հասկանալ այն մեթոդները, որ երկու ծայրերը բերենք, կպցնենք իրար»,- ասաց Վահան Քերոբյանը:
Նախարարի խոսքերով՝ տնտեսվարողների մի մասի կողմից դրսևորվում է ոչ պատշաճ վարքագիծ: Մոսկվայում խանութների ցանցերին 0.5 լիտր կոնյակն առաջարկվում է 1 դոլար գնով, որն անհնար է, եթե խաղողի սպիրտից է պատրաստված:
Մեկնաբանել