HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՆԱՏՕ-ի երկրները ցանկանում են երկարաձգել Ենս Սթոլթենբերգի լիազորությունները՝ հաջորդ գլխավոր քարտուղարի շուրջ կոնսենսուսի բացակայության պատճառով

ՆԱՏՕ-ի անդամ երկրները հակված են դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի լիազորությունների ժամկետի երկարաձգման տարբերակին՝ նրա իրավահաջորդի թեկնածության համաձայնեցման հարցում առաջացած դժվարությունների պատճառով: Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Շարունակականության շահերից ելնելով՝ դա իմաստ ունի։ Նա կգնար դրան։ Նա պարտավորված է իրեն զգում»,- հայտարարել է արևմտյան բարձրաստիճան դիվանագետներից մեկը, որը Սթոլթենբերգի հետ քննարկել է մինչև սեպտեմբերի 30-ը գործող նրա մանդատը երկարաձգելու հնարավորությունը:

Պարբերականը հայտնում է, որ Սթոլթենբերգի լիազորությունների երկարաձգումը կարող է կարճաժամկետ փոխզիջումային տարբերակ դառնալ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար մինչև հաջորդ տարի նրա իրավահաջորդի ընտրությունը:

Ինչպես նշել է բրիտանական պարբերականը, Դաշինքի ներկայիս գլխավոր քարտուղարի լիազորությունների երկարաձգման տարբերակն առաջացել է այն պատճառով, որ ռազմական դաշինքի նոր ղեկավարի պաշտոնի երկու հիմնական թեկնածուները՝ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, չեն կարողացել միավորման մասնակիցների շրջանում միաձայն աջակցություն ստանալ: Պարբերականի տեղեկություններով՝ Դաշինքի անդամ մի քանի երկրներ կողմ են, որպեսզի առաջին անգամ կին նշանակվի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում, իսկ մյուսները կցանկանային դաշինքի ղեկավարի պաշտոնում տեսնել Արևելյան Եվրոպայի ներկայացուցչին:

ՆԱՏՕ-ի անդամ առավել խոշոր երկրները, ներառյալ ԱՄՆ-ն, կարծում են, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի կառավարության նախկին կամ գործող ղեկավար, որն ավելի մեծ հեղինակություն կունենա դաշինքի բոլոր մասնակիցների աչքում: Թերթի աղբյուրները հավելել են, որ Ֆրանսիան և Գերմանիան առայժմ հակված են հօգուտ Ֆրեդերիկսենի թեկնածությանը, սակայն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունիսի 5-ին Վաշինգտոնում Դանիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ նրան «լիակատար աջակցություն» չի հայտնել:

Ինքը՝ Սթոլթենբերգը, ինչպես ընդգծել է պարբերականը, դժգոհ է իր ապագայի վերաբերյալ հստակության բացակայությունից: Միևնույն ժամանակ, նրա թիմի անդամները Բրյուսելում արդեն սկսել են նախապատրաստվել իրենց հայրենի երկրներ վերադառնալուն, նշել է Financial Times-ը:

Սթոլթենբերգը պետք է իր պաշտոնից հեռանար 2022 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն նույն թվականի մարտին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում որոշում կայացվեց նրա մանդատը երկարաձգել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը։ Մայիսի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հաստատել էր, որ մտադիր է լքել պաշտոնը պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո: Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հունիսի 5-ին հայտարարել էր, որ Բայդենը դեռ որոշում չի կայացրել այն մասին, թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ում թեկնածությանը կսատարի Վաշինգտոնը:

Լուսանկարը՝ ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter