HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Հարթունյանի գործով դատական նիստում կանչված 7 վկայից ներկա էր միայն երկուսը

Հունիսի 18-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Նարեկ Հարթունյանի և նրա երկու աշխատակցի գործով դատական հերթական նիստը:

Այս անգամ վկայություն տվեցին վկաներ՝ «Ջի էյջ սթորիջ էնթերփրայզս» ՍՊԸ անվտանգության նախկին աշխատակից Արամայիս Սահակյանն ու ընկերության նախկին առաքիչ Դավիթ Գևորգյանը: Թեև դատարանը վկայություն տալու համար նախապես կանչել էր յոթ վկայի, սակայն ներկա էր միայն երկուսը:

Նախքան վկաների ցուցմունքները լսելը դատավորն ընթերցեց նախորդ նիստերից մեկի ժամանակ ցուցմունք տված, ընկերության նախկին գլխավոր հաշվապահ Արսեն Արտաշեսյանի դիմումը:

Դիմումի մեջ վերջինս խնդրում է նորից իրեն հարցաքննել, քանի որ դատարանում Նարեկն իրեն «սպառնացել է», իսկ մամուլում տարածվել են ստահոդ տեղեկություններ իր մասին, ինչի պատճառով տագնապի մեջ է ընկել, լարվել:

Սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ Նարեկ Հարթունյանը չի սպառնացել նրան, այլ պարզապես հայտնել է, որ ԱՄՆ-ում հաշվապահի նման գործողությունների համար նրան ուղղակի կզրկեին արտոնագրից: Ավելին, սա ասվել է հայտարարության տեսքով, այն էլ վկայի ցուցմունքից հետո միայն, հետևաբար սա չէր կարող ազդել վկայի ցուցմունքների վրա:

«Վկան ասում է իր դիմումում, թե դատական նիստի ժամանակ սկսվել է լարված վիճակ: Այս լարվածություն ասվածը միանգամայն անհասկանալի է ինձ: Իրականությունն այն է, որ վկան եկավ, ցուցմունք տվեց, որի ընթացքում չկարողացավ թաքցնել այն, ինչ պետք է թաքցներ. նա ինքն էլ ասաց, որ ինքն է խորհուրդ տվել, որ որոշակի շրջանառություն «խփվի» ՀԴՄ-ով»,- վկայի այս քայլը մեկնաբանեց փաստաբան Հայկ Ալումյանը: Նա հիշեցրեց, որ այս չգիտակցված խոստովանությանն ի պատասխան՝ դատախազն ասաց. «Փաստորեն, դու ես ամեն ինչ կազմակերպել»:

«Հենց այս պահից էլ նա կարող էր ընկնել տագնապի մեջ: Իրականությունը հենց դա է: Այդ պահին նա հասկացավ, որ կարող է ունենալ լուրջ խնդիրներ այս ցուցմունքով:

Իսկ եթե, ինչպես ինքն է ասում, Նարեկի հայտարարությունից կարող էր ընկնել տագնապի մեջ, ուրեմն այդ վկայի համար օրենքն ունի հատուկ դրույթ՝ ստուգել՝ արդյոք վկան ճի՞շտ է ընկալում, վերարտադրում տեսածն ու լսածը, թե՞ ոչ»,- ասաց Հ. Ալումյանը:

Ինչ վերաբերում է մամուլում տարածված տեղեկություններին, որոնք Ա. Արտաշեսյանը «ստահոդ» է համարում, ապա հիշեցնենք, որ դրանք բխել են բացառապես Ա. Արտաշեսյանի՝ դատարանում տված ցուցմունքից և բառ առ բառ արտահայտել են դրա բովանդակությունը: Հետևաբար, վկայի այս բացատրությունն՝ իր տագնապների, լարվածության ու այդտեղից ոչ ճիշտ ցուցմունք տալու վերաբերյալ, կարող է միայն հաստատել փաստաբանի մտավախությունը վկայի՝ իրականությունն ըմբռնելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ այս վկայի՝ նախաքննական մարմնին և դատարանին տված ցուցմունքներում էական տարբերություններ կային, ինչի մասին հրապարակվել է նախկինում:

Ա. Արտաշեսյանի դիմումը բարձրաձայն կարդալուց հետո վկայություն տվեցին վերը նշված վկաները:

Ընկերության նախկին առաքիչ Դավիթ Գևորգյանը աշխատել է «Ջի էյջ սթորիջ էնթերփրայզս» ՍՊ ընկերությունում 2011թ.մարտի 14-ից մինչև 2012թ. ապրիլ:

Վկայի խոսքերով՝ աշխատանքի ընթացքում դեպքեր եղել են, երբ ապրանքը տարել է խանութներ, սակայն չի տվել հաշիվ-ապրանքագրեր, քանի որ տեխնիկական խնդիրներ են եղել: Սակայն նա նաև ասաց, որ այդ հաշիվ-ապրանքագրերը հաջորդ օրն են տարել:

«Տեսեք, քննիչներին տված ցուցմունքում ամենագլխավոր փաստը մնում է չարձանագրված: Վկայի խոսքերով՝ եղել են դեպքեր, երբ հաշիվ-ապրանքագրեր չեն տվել, բայց չի արձանագրվել, թե ինչու դրանք չեն եղել, և չի արձանագրել նաև, որ դրանք հետո են տրվել, քանի որ տեխնիկական խնդիրներ են ունեցել: Սա քննիչների աշխատելաոճն է. նրանք պահանջում են, որ վկան կոնկրետ իրենց հարցին պատասխանի՝ բաց թողնելով այնպիսի հարցեր, որոնք կարող են էական նշանակություն ունենալ գործի համար: Այսինքն՝ ստանում են իրենց անհրաժեշտ ցուցմունքը: Գրեթե բոլոր վկաների դեպքում նույն պատմությունն է»,- ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:

Վկայություն տվեց նաև ընկերության անվտանգության նախկին աշխատակից Արամայիս Սահակյանը:

Քանի որ վկայություն տալու համար դատարան կանչվածներից միայն երկուսն էր ներկայացրել, դատարանը որոշում կայացրեց հաջորդ դատական նիստին մյուս վկաներին բերման ենթարկել:

Դատավորը դատական նիստը հետաձգեց՝ նշանակվելով հունիսի 27-ին:

Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter