
Ադրբեջանի պնդմամբ՝ հայկական կողմը կրակ է բացել Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղադրված ՀԱԿ-ի ուղղությամբ
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայատարարություն է տարածել, համաձայն որի՝ իբր, Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված ադրբեջանական հսկիչ անցագրային կետը գնդակոծվել է հայկական զինված ուժերի կողմից։
Համաձայն այդ հաղորդագրության՝ հունիսի 15-ին՝ ժամը 08:45-ին, «Հայաստանի տարածքից գնդակոծության հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողը, որը ծառայություն էր կատարում Լաչինում պետական սահմանին տեղակայված հսկիչ անցագրային կետում»։
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը պնդում է, թե ադրբեջանական կողմը պատասխան կրակ է արձակել, իսկ «վիրավորված զինծառայողին ցուցաբերվել է բժշկական օգնություն, նրա կյանքին վտանգ չի սպառնում»։
Ադրբեջանական Caliber լրատվամիջոցը, որը փոխկապակցված է այդ երկրի պաշտպանության նախարարության հետ, գրում է, որ «հայկական կողմը գնդացրային կրակն արձակել է ադրբեջանական ՀԱԿ-ի դիմաց տեղակայված հայկական դիրքից»։ Բացի այդ նշվում է, որ «կրակն արձակվել է Ադրբեջանի պետական դրոշի բարձրացման ժամանակ»։
Նյութի հրապարակման պահին հայկական կողմը դեռևս չի մեկնաբանել ադրբեջանական կողմի այս հայտարարությունը։
Լուսանկարը՝ Azertag-ի
Մեկնաբանել