
Ուկրաինայի հարցով աֆրիկյան երկրների առաքելության կազմում 7-ի փոխարեն 4 նախագահ կլինի
Աֆրիկյան առաքելությունը, որն այս շաբաթ կայցելի Ռուսաստան և Ուկրաինա, բաղկացած կլինի ոչ թե յոթ նախագահներից, ինչպես ենթադրվում էր ավելի վաղ, այլ միայն չորսից՝ Զամբիայի, Կոմորյան Կղզիների, Սենեգալի և Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդներից: Այդ մասին հինգշաբթի օրը՝ հունիսի 15-ին, հայտնել է Radio France Internationale ռադիոկայանը՝ հղում անելով Brazzaville Foundation հասարակական կազմակերպությանը, որը կազմակերպում է այդ երկու այցը։
Ենթադրվում էր, որ առաքելության կազմում կընդգրկվեն նաև Եգիպտոսի, Կոնգոյի և Ուգանդայի նախագահները: Այնուամենայնիվ, Եգիպտոսը կներկայացնի այդ երկրի վարչապետը, Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեվենին ուղևորությունից առաջ վարակվել է կորոնավիրուսով, իսկ Կոնգոյի նախագահ Դենի Սասու-Նգեսսոն որոշել է չմասնակցել առաքելությանը:
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան արդեն իսկ ժամանել է Վարշավա։ Այնտեղ են ժամանել նաև Զամբիայի նախագահ Հակաինդե Հիչիլեման, Կոմորյան Կղզիներից նրա գործընկեր Ազալի Ասումանին, որը նախագահում է Աֆրիկյան Միությունում, և Սենեգալի առաջնորդ Մակի Սալը: Վարշավայից նախագահները Կիև կմեկնեն գնացքով։
Ինչպես լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, աֆրիկյան պատվիրակությունը հունիսի 16-ին կլինի Կիևում, իսկ հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում նրանց կընդունի Ռուսաստանի նախագահը:
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել