HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաղորդում հանցագործության մասին

23.05.2011 թվականին ՀՀ Աժ-ի կողմից ընդունվել է և 25.05.2011 թվականից ուժի մեջ է մտել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: Նշված օրենքի 37-րդ հոդվածի համապատասխան' ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվել: Տիգրան Փոստանջյանին, ով արդեն 16-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է, մեղադրանք է առաջադրվել հենց այդ ուժը կորցրած' 311.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, հետևաբար' Տիգրան Փոստանջյանն արդեն երկրորդ օրն է, ինչ ակնհայտորեն գտնվում է ապօրինի անազատության մեջ մի մեղադրանքով, որը ՀՀ քրեական օրենսգրքով առհասարակ նախատեսված չէ:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը, ում վարույթում է գտնվում Տիգրան Փոստանջյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, պարտավոր էր անհապաղ դադարեցնել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և որոշում կայացնել Տիգրան Փոստանջյանին կալանքից անհապաղ ազատելու մասին:

Այսօր առավոտյան, ժամը 9.00-ին, Տիգրան Փոստանջյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդություն է ներկայացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանին' պահանջելով դադարեցնել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ քրեական հետապնդումը և որոշում կայացնել անհապաղ ազատ արձակել նրան: Սակայն այդ միջնորդությանը ծանոթանալով' մինչ ժամը 15.30-ը, որոշում չի կայացվել Տիգրան Փոստանջյանին ազատ արձակելու վերաբերյալ:

Չդադարեցնելով Տիգրան Փոստանջյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը և որոշում չկայացնելով Տիգրան Փոստանջյանին կալանքից անհապաղ ազատելու մասին' Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը թույլ է տալիս ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված արարք' «Ազատությունից ապօրինի զրկելը»:

Այս ամենի դեմ Տիգրան Փոստանջյանը մայիսի 11-ից իր սկսած հացադուլի պահանջներին ավելացրել է նաև իրեն վերը նշված օրենքի կոպիտ խախտմամբ անազատության մեջ պահելու դեմ պահանջը:

Հիմք ընդունելով վերոգրյալը' պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել Տիգրան Փոստանջյանին ազատ արձակելու համար և սկսել քրեական հետապնդում Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված արարքի' անձին ազատությունից ապօրինի զրկելու համար:

Զարուհի Փոստանջյան

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter