HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը». Փաշինյանն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը, Լեռնային Ղարաբաղ էլեկտրաէներգիայի, բնական գազի մատակարարումների արգելափակումը, որն, ըստ էության, շարունակվում է 6 ամիս, ծայրահեղ կերպով սրել է հումանիտար վիճակը ԼՂ-ում։ Այս մասին Կառավարության հունիսի 16-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե նախորդ ամսվա ընթացքում քարոզչական նպատակներով Ադրբեջանը որոշ անցանելիություն էր ապահովում Լաչինի միջանքով՝ Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով, երեկվանից զրոյացվել է այդ անցնելիությունը նույնպես, անգամ՝ առաջին անհրաժշտության սննդամթերքի մատակարարումն է դադարեցվել։ Այսինքն՝ ԼՂ արտաքին աշխարհից սնունդ չի մտնում»,- ասաց վարչապետը։

Ըստ Փաշինայնի՝ թույլ չի տրվում նաև անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիների տեղափոխումը Լաչինի միջանցքով։

«Այս գործողությունները ևս մեկ անգամ հիմնավորում են մեր այն մտավախությունը, թե Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտման քաղաքանություն է վարում։ Չնայած տվյալ դեպքում խոսքը ոչ թե մտավախության մասին է, այլ արդեն գործողությունների մեկնարկի։ Էլ ինչպե՞ս է լինում էթնիկ զտումը. արգելակվում է ԼՂ հայերի սննդի, գազի, էլեկտրական էներգիայի մատակարարումը, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները թիրախավորվում են կրակահերթերով, արգելակված է տեղաշարժի հնարավորությունը, նույնիսկ՝ ծայրահեղ ծանր վիճակոււմ գտնվող հիվանդների համար»,- նշեց նա։

Կառավարության ղեկավարի հավաստմամբ՝ այս իրավիճակի արձագանքը պետք է լինի նաև միջազգային տեղեկացվածության բարձրացումը, ընդ որում՝ ոչ միայն կազմակերպությունների և օտարերկրյա կառավարությունների, այլև հանրությունների մակարդակով, այս ուղղությամբ ջանքերը չպետք է նվազեն։

«Նաև շարունակում ենք կարծել, որ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը միջազգային մեխանիզմի շրջանակում չափազանց կարևոր է, և պետք է հուսալ, որ այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։ Միևնույն ժամանակ որքան էլ դժվար է, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական, այս հարցում պետք է լինենք հետևողական»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց՝ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում Վաշինգտոնում, և հույս հայտնեց, որ վաշինգտոնյան նախորդ հանդիպման ժամանակ արձանագրված որոշակի առաջընթացը կզարգանա։

Վարչապետն ընդգծեց, որ առավել ևս այն բանից հետո, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանի երկայնքով տարբեր հատվածներում լարվածություններ ստեղծելու փորձերը անընդունելի են և անհասկանալի։

«Պետք է անել հաջորդ քայլը. ֆիքսել սահմանազատման հիմքը և ձեռնամուխ լինել բուն սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։ Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայատարարությամբ նախատեսված տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, վերահաստատում եմ, որ Հայաստանը պատրաստ է սրան երկրների իշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա»,- ասաց նա։

ՀՀ տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն, վարչապետի խոսքով, անընդունելի է։ Փաշինյանն ակնկալում է, որ միջազգային գործընկերները Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter