HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խնդրում, հորդորում, ինչ-որ տեղ պահանջում եմ գործել առավելապես խնայողաբար. Արցախի պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես է եկել ուղերձով և հայտարարությամբ:

Ըստ պետնախարարի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հումանիտար բեռների փոխադրումը դադարեցված է՝ պետական ապարատն ամբողջությամբ անցել է խնայողության ռեժիմի, հանրային սպասարկումն ապահովող կազմակերպություններին տրվել են համապատասխան հանձնարարություններ, կիրառվում են սահմանափակումներ: 

«Նկատի ունենալով, որ իրավիճակը կտրուկ փոփոխվել է, գործող մոտեցումներում կատարել ենք նկատելի փոփոխություններ:

Մասնավորապես՝ պետական կառավարման համակարգի ղեկավար կազմին խնդրում եմ վառելիքի և նմանատիպ այլ հարցերի դեպքում դիմել միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, դադարեցնել կամ նվազագույնի հասցնել ծառայողական մեքենաների օգտագործումը:

Տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները կապահովվեն անհրաժեշտ պարագաներով բնակչության սննդի, հացի մատակարարման գործընթացը կազմակերպելու համար: 

Առողջապահության նախարարությանը կապահովենք անհետաձգելի բուժօգնությունը կազմակերպելու համար անհրաժեշտ պայմաններով:

Առավելագույն չափով փորձելու ենք աջակցել գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքին, որպեսզի պահպանենք դրանց անընդհատությունը: Այդ գործընթացն իրականացվելու է գյուղատնտեսության նախարարի անմիջական ղեկավարմամբ ու համակարգմամբ: 

Կշարունակեն գործել հասարակական տրանսպորտն ու կկազմակերպվեն միջշրջանային երթուղիները»,- իր ուղերձում նշել է Գուրգեն Ներսիսյանը։

Դիմելով Արցախի բնակչությանը՝ պետնախարարը խնդրել, հորդորել, պահանջել է գործել առավելապես խնայողաբար: 

«Այս պահին դադարեցված է ֆիզիկական անձանց վառելիքի տրամադրման գործընթացը, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ: Անընդհատ չկուտակվել լցակայաններում և նման հարցերով դիմել ՏԻՄ մարմիններին՝ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:  

Նրանք, ովքեր ստացել էին վառելիք գնելու համար սահմանված կտրոն, առայժմ չեն կարող օգտվել դրանից: Իսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում պետք է դիմեն ԱՀ Կառավարության Վերահսկողական ծառայությանը՝ թույլտվություն ստանալու համար: 

Ավելորդ կամ անհիմն միջնորդություններով խնդրում եմ չծանրաբեռնել պետական մարմիններին: 

Տնտեսվարող սուբյեկտներին հորդորում եմ պատասխանատվությամբ վերաբերվել խանութներում մնացորդ ապրանքների իրացումն իրականացնելիս, և այն կազմակերպել ունեցած հնարավորությունների գնահատման ու հավասարաչափ բաշխման սկզբունքով: 

Ես այս ամենը չեմ ներկայացնում խուճապի մատնվելու համար, հատկապես վերջին շրջանում մենք համբերատար պատրաստվել ենք այսպիսի իրավիճակների: Մեր գյուղացիական տնտեսություններն ունակ են որոշակիորեն մեղմելու ստեղծված խնդիրները և ապահովելու ինքանաբավության թեկուզ նվազ հնարավորություն, բայց բոլոր դեպքերում պետք է լինել կազմակերպված, հավասարակշռված և զգոն»,- հայտնել է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter