
Այսօր՝ Հայաստան-Լատվիա. թիմերը պաշտոնական մրցավեճում կհանդիպեն առաջին անգամ
Այսօր՝ Երեւանի ժամանակով 20:00-ին, «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի «Եվրո-2024»-ի ընտրական փուլի Հայաստան-Լատվիա հանդիպումը: Թիմերն ընդգրկված են ընտրական 4-րդ խմբում, որտեղ նրանց մրցակիցներն են նաեւ Խորվաթիան, Ուելսը, Թուրքիան:
Այս պահին խմբի առաջատարը Թուրքիան է, որն անցկացրած 3 խաղում վաստակել է 6 միավոր, Խորվաթիան անցկացրել է 2 հանդիպում եւ ունի 4 միավոր, նույնքան միավոր է վաստակել Ուելսը 3 խաղում: Հայաստանը 2 խաղից հետո ունի 3 միավոր, իսկ Լատվիան նույնքան խաղից հետո՝ 0:
ՀՖՖ-ն հրապարակել է այսօրվա հանդիպմանը մեր թիմի հայտացուցակը: Պաշտպաններ Անդրե Չալըշըրը եւ Կամո Հովհաննիսյանը վնասվածքի պատճառով չեն ընդգրկվել ցանկում: Հովհաննիսյանը, ինչպես երեկ հայտնեց մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, արդեն լքել է հավաքականի ճամբարը:
Հայաստան-Լատվիա հանդիպումն սպասարկելու է Սլովակիայի մրցավարական բրիգադը: Գլխավոր մրցավարը Պետեր Կրալովիչն է։ Մրցավարի օգնականներն են Միլան Շտրբոն եւ Տոմաշ Վորելը, 4-րդ պաշտոնյան է Մարտին Դոհալը։ VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Ստորկսը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնական՝ Պասկալ Մյուլլերը (Գերմանիա):
Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանի ազգային ընտրանին ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 97-րդ տեղը, իսկ Լատվիան՝ 132-րդ: Այդուհանդերձ, հայ-լատվիական ֆուտբոլային դիմակայության վիճակագրությունը հյուրերի օգտին է:
Թիմերը մինչ այս հանդիպել են 2 ընկերական խաղում: 2009 թ․ փետրվարի 11-ին կիպրական Լիմասոլում գրանցվել է 0-0, իսկ 2014 թ․ սեպտեմբերի 3-ին լատվիացիները Ռիգայում հաղթել են 2-0 հաշվով։ Սպասվող դժվար խաղի մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է նաեւ Ալեքսանդր Պետրակովը:
Ընտրական 4-րդ խմբում այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, կմեկնարկի Թուրքիա-Ուելս մրցավեճը:
Մեկնաբանել