HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական արվեստի թանգարանը վերաբացվել է նորացված մշտական ցուցադրությամբ 

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ վերանորոգումից հետո վերաբացվել է Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)՝ այցելուներին ներկայանալով նորացված մշտական ցուցադրությամբ:

Թանգարանի մշտական ցուցադրության բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, արվեսատագետներ, մշակույթի գործիչներ, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստասեր հանրություն:

«ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Արամ Աբրահամյանի 125-ամյակի հոբելյանական տարվան ընդառաջ թանգարանն այցելուներին է ներկայանում վերանորոգված, նոր լուսավորությամբ և նորացված մշտական ցուցադրությամբ:

«Թանգարանների ոլորտներում պետական քաղաքականության հիմնական խնդիրներից է թանգարանների արդիականացումն ու թանգարանային միջազգային չափանիշներին  համապատասխան ցուցադրությունների կազմակերպումը: Միաժամանակ, ՀՀ կառավարությունը կարևորում և խրախուսում է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը: Այս համատեքստում կարևորում ենք Ռուսական արվեստի թանգարանի և «ԴԻ Սի Փարթներ» ընկերության միջև համագործակցությունը»,- ընդգծել  է Ալֆրեդ Քոչարյանը և շնորհակալություն հայտնել գործընկերներին՝ համագործակցության և վերանորոգման աշխատանքներին աջակցելու համար:

Նախարարի տեղակալի նշել է՝ հատկանշական է, որ դեռևս նախորդ տարի Ռուսական արվեստի թանգարանի և Պետական Տրետյակովյան պատկերասրահի միջև սկիզբ առած համագործակցության շրջանակում թանգարանի նոր ցուցադրության հայեցակարգի մշակման ու էքսպոզիցիոն աշխատանքներում ներգրավվել են Տրետյակովյան պատկերասրահի գիտական աշխատակազմը. «Այս համագործակցության արդյունքում 2024 թվականին՝ Արամ Աբրահամյանի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նախարարության աջակցությամբ պատկերասրահում կցուցադրվեն Արամ Աբրահամյանի աշխատանքները»:

Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանի խոսքով՝ օրը տոնական է, քանի որ վերանորոգված թանգարանն իր դռներն է բացել այցելուների առջև նորացված մշտական ցուցադրությունով. «Նորացված ցուցադրության բացմամբ մեկնարկում է Սոցիալիստական աշխատանքի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, խորհրդային բժշկության առաջատար ներկայացուցիչ, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը: Տարվա ընթացքում կկազմակերպվեն տարբեր ցուցահանդեսներ, միջոցառումներ, իսկ հոբելյանական տարին ամփոփվի Տրետյակովյան պատկերասրահում՝ Արամ Աբրահամյանին նվիրված ցուցահանդեսի բացմամբ»։

Նշենք, որ Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆեսոր՝ Ա. Աբրահամյանի հավաքածու) հիմնադրվել է պրոֆեսոր Արամ Հակոբի Աբրահամյանի անձնական հավաքածուի հիման վրա։ Այն  անգին նվերն է իր պատմական հայրենիք Հայաստանին։

Թանգարանի հավաքածուն ներկայացնում է ռուսական, ինչպես նաև համաշխարհային արվեստի պատմության համար չափազանց կարևոր և առանձնահատուկ ժամանակաշրջանի՝ 19-րդ դարի վերջի 20-րդ դարասկզբի գեղանկարչության, գրաֆիկայի, դեկորատիվ կիրառական արվեստի և բեմանկարչության վարպետների գործերը։

Ցուցադրված են այնպիսի արվեստագետների գործեր, ինչպիսիք են Կ. Կորովինը, Վ. Սերովը, Կ. Սոմովը, Վ. Բորիսով-Մուսատովը, Մ. Վրուբելը, Մ. Նեստերովը, Բ. Կուստոդիևը, Ա. Բենուան, Ն. Գոնչարովան, Կ. Պետրով-Վոդկինը, Ն. Ռերիխը, Ա. Գոլովինը, Ե. Լանսերեն, Մ. Վոլոշինը, Ռ. Ֆալկը, Պ. Կոնչալովսկին, Պ. Կուզնեցովը, Ա. Լենտուլովը, Մ. Սարյանը, Զ. Սերեբրյակովան, Ս. Սուդեյկինը, Ա. Տիշլերը և այլն։ Հեղինակները ներկայացված են ըստ անդամակցած արվեստի միությունների՝ «Արվեստի աշխարհ», «Երկնագույն վարդ», «Բուբնովի վալետ», «Ավանակի պոչ», «Ռուս նկարիչների միություն» և այլն:

Ռուսական արվեստի թանգարանն իր նշանակությամբ կարելի է դասել ռուսական մշակույթի ուսումնասիրության համաշխարհային կենտրոնների շարքին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter