HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է ՀՀ-ում կատարված՝ ՌԴ քաղաքացի կնոջ սպանությունը․ քրեական հետապնդում է հարուցվել

2023թ հունիսի 6-ին՝ ժամը 14:30-ին, ՌԴ քաղաքացի կինը ՆԳՆ Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ դուստրը՝ 1999թ ծնված ՌԴ քաղաքացի Ելենա Սերգեևան, հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է ՀՀ, հանդիպել իր ծանոթ տղամարդուն և մինչ օրս դստեր մասին տեղեկություն չունի: 

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որով հետագա նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում 2023թ հունիսի 15-ին՝ ժամը 13:55-ի սահմաններում, Դիլիջան-Երևան ավտոմայրուղու 2-րդ ոլորանի անտառային հատվածում հայտնաբերվել է Ե.Սերգեևայի դին՝ մերկ և մասամբ հոշոտված վիճակում:

Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են արյունազեղումներ: Կատարվել է դիակի ճանաչում՝ մոր մասնակցությամբ: Որոշում է կայացվել՝ վերջինիս մահացած տուժողի փոխարեն տուժող ճանաչելու մասին:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նախնական ուսումնասիրության համաձայն՝ ԵՍերգեևայի մահը վրա է հասել գանգուղեղային տրավմայի հետևանքով: 

Սևան-Դիլիջան-Վանաձոր ճանապարհի տարբեր հատվածներում հայտնաբերվել են ԵՍերգեևայի և տղամարդու պատկանող հագուստներ՝ արնանման հետքերով։  

  Հարցաքննվել են մի շարք անձինք։ Առգրավվել և զննվել են «Զվարթնոց» օդանավակայանում և այլ վայրերում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրություններ։ 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԵՍերգեևան Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 2023թ հունիսի 4-ին։  

Վերջինս թե՛ ՌԴ և թե՛ ՀՀ տարածքում որևէ մեկի հետ չի ունեցել թշնամական փոխհարաբերություններ, սակայն կապերը խզելուց հետո լարված փոխհարաբերությունների մեջ է եղել ԱՄՆ քաղաքացի ՌՏ-ի հետ։

Պարզվել է նաև, որ «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո Ե.Սերգեևան օդանավակայանի տարածքից հեռացել է «Տոյոտա» մակնիշի՝ Վրաստանի պետհամարանիշի ավտոմեքենայով, որի վարորդը հանդիսացել 1989թ ծնված ԱՄՆ քաղաքացի ՌՏ.-ն:

Իրականացված հսկայածավալ քննչական, վարութային և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԵՍերգեևայի սպանությունն առերևույթ կատարել է ԱՄՆ քաղաքացի հանդսացող սույն անձնավորությունը, իսկ պատճառը հանդիսացել են խանդը և անձնական լարված փոխհարաբերությունները։ 

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ԱՄՆ քաղաքացի ՌՏ-ն 2019թ ՌԴ Մոսկվա քաղաքում ծանոթացել է ԵՍերգեևայի հետ, ում հետ շփվել է մինչև 2020թ մայիս ամիսը, որից հետո նրանք բաժանվել են։ Բաժանման պատճառ է հանդիսացել Ռ.Տ-ի կողմից հաճախակի խանդի տեսարանների ստեղծումը, պարբերաբար ԵՍերգեևայի տեղաշարժը վերահսկելու փորձերը: ՌՏ-ն, չկարողանալով համակերպվել ԵՍերգեևայից բաժանվելու հանգամանքի հետ, պարբերաբար իրենց հարաբերությունները վերականգնելու փորձեր է կատարել, սակայն նրանից մերժում է ստացել։ Տարբեր եղանակներով նա անհանգստություն է պատճառել աղջկան, սպառնալիքներ հնչեցրել վերջինիս հասցեին, նրա վերաբերյալ տարածել արատավորող տվյալներ։ Իսկ երբ իմացել է, որ ԵՍերգեևան սկսել է ընկերություն անել այլ տղամարդու հետ, սկսել է նաև նրան վնասելու սպառնալիքներ հնչեցնել:

Իրենց միջև հարաբերությունները վերջնականապես պարզաբանելու և դադարեցնելու նպատակով ԵՍերգեևան համաձայնել է վերջին անգամ հանդիպել ՌՏ.-ի հետ: Պայմանավորվել են 2023թ հունիսի 4-ին հանդիպել ՀՀ Երևան քաղաքում, ինչի համար ԵՍերգեևան 2023թ մայիսի 16-ին հանդիպման օրվա ամսաթվով և նույն օրվա հետադարձ ուղղությունով Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիատոմս է գնել և նշված օրը, ժամը 12:55-ին, SU 1860 չվերթով Մոսկվայից ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան: ՌՏ-ն, չհամակերպվելով նրա՝ այլ ընկեր ունենալու փաստի հետ, վերջին անգամ ԵՍերգեևայի հետ հանդիպելու պատրվակով և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում վարձակալել է «Տոյոտա» մակնիշի սև գույնի ամենագնաց ավտոմեքենա, որով 2023թ մայիսի 31-ին՝ ժամը 14:52-ին, Գոգավանի անցակետով Վրաստանից մուտք է գործել Հայաստան։ 

Մինչև ԵՍերգեևայի՝ ՀՀ ժամանելը, իր հանցավոր մտադրությունը նախապես քողարկելու նպատակով, օրական վարձավճարներով գիշերել է տարբեր հյուրանոցներում: Հունիսի 4-ին համացանցի միջոցով 1 օրով հյուրատուն է վարձակալել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում, որից հետո նույն օրն իր վարձակալած ամենագնացով, միայնակ ուղևորվել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ ժամը 13:01-ին դիմավորել է ԵՍերգեևային, և միասին հիշյալ ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Երևան քաղաք:

Միասին ճաշել են Ամիրյան փողոցում գտնվող «Կացին» ռեստորանում, որից հետո նույն ավտոմեքենայով միասին ուղևորվել են դեպի իր կողմից վարձակալած հյուրատան ուղղությամբ: Նույն օրը՝ ժամը 15:34-ից մինչև 17:31-ն ընկած ժամանակահատվածում, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, քննությամբ դեռևս չպարզված վայրում, հարվածներ է հասցրել Ե.Սերգեևայի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում ստացած գանգուղեղային տրավմայից ԵՍերգեևան մահացել է: Ապա վարձակալած ավտոմեքենայով նա ուղևորվել է Բագրատաշենի անցակետի ուղղությամբ՝ Հրազդան-Սևան-Դիլիջան-Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն երթուղով:

Իր կողմից թողնված հետքերը վերացնելու նպատակով ԵՍերգեևայի դին՝ առանց հագուստների, թաքցրել է Դիլիջան քաղաքից դեպի Սևան ուղղության ավտոճանապարհի 3-րդ շրջադարձից աջ ընկած անտառամիջյան տեղամասում, իսկ նրա և իր հագի հագուստներն ու անձնական իրերը նետել է իր երթուղու տարբեր հատվածներում։ Ապա նույն օրը՝ ժամը 23:41-ին, ՌՏ-ն ավտոմեքենայով Բագրատաշենի անցակետով լքել է ՀՀ տարածքը՝ անցնելով Վրաստան։ Վրաստանի իրավապահ մարմինների հետ կատարած աշխատանքի արդյունքում պարզվել է, որ վերջինս 05.06.2023 թվականին ավտոմեքենան հանձնել է վարձակալած ընկերությանը և օդանավով մեկնել Թուրքիա:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ ՌՏ-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։ 

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է: ՌՏ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 

Նախաքննությունը շարունակվում է»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter