HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Գոյ» փորձարարական թատրոնը դատարանում վիճարկում է Սունդուկյանի թատրոնին միանալու Կառավարության որոշումը

«Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» ՊՈԱԿ-ն ընդդեմ կառավարության հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել թատրոնը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու որոշումը:

«Գոյ»-ի ներկայացուցիչ, փաստաբան Կարո Ասատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում փորձ է արվում փակել թատրոնը, և վերակազմակերպումը պարզապես շղարշ է:

Նշենք, որ Կառավարությունը 2023թ. մայիսի 11-ին որոշել է «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպել` միացնելով «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին:

Որպես նախագծի հիմնավորում նշված էր, որ «Գոյ»-ը Սունդուկյանի անվան թատրոնի հետ գործում է նույն ենթակառուցվածքային համակարգում (շինություն, կոմունալ հանգույցներ և այլն): Շենքի տարբեր հարկերից, տարբեր չափերի տարածքներ առանձնացվել են և տրվել «Գոյ»-ին։ Այս ամենն առաջացնում է լոգիստիկ բազմաթիվ խնդիրներ։

Բացի այդ, նշված է նաև, որ «Գոյ»-ը թերակատարել է իր անվանմանը համապատասխան թատերական ոլորտում նորարարական-փորձարարական առաքելության իրականացումը, բացակայել է գովազդատեղեկատվական քաղաքականությունը, անհրաժեշտ է արդիականացնել գույքային և տեխնիկական բազան: Բացի այդ՝ մեկուսացել է ընդհանուր թատերական իրողություններից, պրոցեսներից և փոխակերպումներից, որն արտահայտվում է նաև միջազգային համագործակցության շրջանակներում և այլն:

Կարո Ասատրյանն ասաց, որ կառավարությունը՝ ի դեմս Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍ), առանց հիմնավոր պատճառների է այս որոշումը կայացրել, իսկ վերակառուցման համար ներկայացված պատճառները չեն համապատասխանում  իրականությանը:

Փաստաբանի դիտարկմամբ ներկայացվում է, որ «Գոյ»-ը չունի միջոցներ, կանոնադրության մեջ առկա են անորոշություններ, կան թերացումներ և այլն:

«Իրականում, երբ ներկայացվածն ուսումնասիրում ես, ավելի շատ տեխնիկական հարցեր են և չի կարող վերաբերել աշխատակիցներին և թատրոնի գործունեությանը: Եթե, օրինակ, կանոնադրության հետ է խնդիրը, ցանկացած պահի կարելի է կանոնադրությունը փոփոխել և լուծում գտնել: Իրականում չեն էլ ասում, թե ինչ անորոշություն է, և մեր կարծիքով, անորոշություն չկա»,-ասում է Կ. Ասատրյանը:

Փաստաբանի դիտարկմամբ՝ և «Գոյ»-ը, և Սունդուկյանի անվան թատրոնը, ազգային են: Այսինքն՝ իրենց տեսակի մեջ բացառիկ են, և չկա երկրորդը, հակառակ դեպքում չէին ունենա «ազգային» անվանումը, որը հատուկ կարգավիճակ է:

Նշում է, որ «Գոյ»-ը ազգային փորձարարական թատրոն է, իսկ Սունդուկյանի անվանը՝ ազգային ակադեմիական, հետևաբար, Կ. Ասատրյանի խոսքերով՝ ակնհայտ է, որ կառավարությունը վերացնում է մի բացառիկ թատրոն: Կառավարությունը, վերացնելով ազգայինը, խախտում է Սահմանադրությունը, որով պարտավոր է խթանել մշակութային արժեքների տարածումը, ոչ թե փակել:

Փաստաբանը խոսում է նաև աշխատակիցների իրավունքների մասին: Օրենքով նախատեսված է, որ վերակազմակերպման դեպքում չի լուծվում աշխատողների աշխատանքային պայմանագրերը: Սակայն աշխատակիցները պետք է ծանուցվեն այդ մասին՝ հետագա քայլերը հասկանալու համար:

Կ. Ասատրյանն ասում է, որ «Գոյ»-ի անձնակազմը մշակութային ոլորտում ընտրել է հենց «Գոյ» թատրոնը՝ իր տեսակի համար: Սա առողջ մրցակցության դրսևորում է: Վերակազմավորումից հետո փորձարարական թատրոնի աշխատակիցները դառնում են ակադեմիական թատրոնի դերասաններ, որով խախտվում է նրանց ազատ ընտրության իրավունքը:

Փաստաբանը նշում է, որ կառավարությունը պատճառաբանություն չներկայացնելու համար նույնիսկ ոչ ճիշտ տեսակի որոշում է ընդունել: Թատրոնների վերակազմակերպման ձևով միացնելու որոշումն ընդունել են որպես նորմատիվ իրավական ակտ, այնինչ այդ տեսակի ակտը վերաբերում է անորոշ թվով անձանց: Մինչդեռ այդ որոշումը չի վերաբերում անորոշ թվով անձանց, այլ՝ երկու թատրոններին: Կարո Ասատրյանն ասում է, որ սա իրականում անհատական իրավական ակտ է, որը պետք է ունենար հստակ պատճառաբանություն: Չկա նաև որևէ հիմնավորում, պատճառաբանություն «Գոյի» աշխատակիցների հետագա գործունեության վերաբերյալ: Որպես «բարի կամքի» դրսևորում ներկայացվում է, որ նրանց հետ աշխատանքային պայմանագրերը չեն լուծվի, մինդեռ դա օրենքի պահանջն է, ոչ թե պաշտոնատար անձանց ցանկությունը:

Այն, որ կառավարությունը ոչ ճիշտ տեսակի որոշում է կայացրել, անուղղակի հաստատվել է նաև վարչական դատարանի որոշումից: Մասնավորապես, հունիսի 7-ին դատարան է մուտքագրվել «Գոյ» թատրոնի աշխատակիցների դիմումն ընդդեմ կառավարության՝ վերը նշված որոշումը՝ Սահմանադրությանը և օրենքներին հակասող և անվավեր ճանաչելու պահանջով:

Վարչական դատարանը 2023թ. հունիսի 14-ին որոշել է դիմումի ընդունումը մերժել այն հիմնավորմամբ, որ բովանդակային ուսումնասիրության ենթարկելով կառավարության 11.05.2023 թվականի թիվ 701-Ն որոշումը՝ գտել է, որ այն ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ չէ: Չի պարունակում վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար, այլ նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված ներքին իրավական ակտ է:

«Որպեսզի հիմնավորում չներկայացնեն տարել են նորմատիվ իրավական ակտով են ընդունել: Եթե ճիշտ ձևով ընդունեին, պարտավոր էին հիմնավորել: Այդ պարագայում արդեն հիմնավորումները հակասելու էին տրամաբանությանը»,-ասում է Կ. Ասատրյանը: Ըստ նրա՝ այս պարագայում անհասկանալի է, թե ինչու են որոշել նախապատվությունը տալ ակադեմիականին, այլ ոչ փորձարարականի: Չկա պարզաբանում:

Փաստաբանը նշեց մի դրվագ, որ 2022թ.-ին ԿԳՄՍ նախարարության պատվերով տեղի է ունեցել աուդիտ: Ներկայացվել է, որ «Գոյ» թատրոնն ունի թերացումներ, որոնց մասին նշվել է, սակայն վերջում, որպես եզրակացություն, նշված է, որ նախարարությունը թատրոնից ստացել է հավաստի և ամբողջական տեղեկատվություն:

«Որպես վերահսկող մարմին՝  նախարարությունը երբևէ չի առարկել ներկայացված հաշվետվություններին, գրավոր դիտողություն, առաջարկություն չի ստացվել: Սա ավելի շատ նախարարության թերացումն է: Ստացվում է, որ նախարարությունը միտումնավոր չի ֆինանսավորել, չի լուծել հարցերը, որ միտումնավոր թատրոնը տանի փակման, երևի՝ շենքային հարց լուծելու»,- ասում է «Գոյ» թատրոնի ներկայացուցիչը՝ հավելելով, որ հանրային շահի տեսանկյունից կառավարությունը ոչ մի հարց չի լուծում: Ավելին՝ «Գոյ» թատրոնի տոմսերն ավելի մատչելի են՝ 1500-3000 դրամ՝ ի տարբերություն այլ թատրոններում վաճառվող մինչև 25 հզր դրամ արժողությամբ տոմսերի:

Փաստաբանը նշեց, որ առաջիկայում այլ հայցադիմումներ ևս կներկայացվեն դատարան:

Լուսանկարը՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter