HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

12 տարի առաջ ոստիկանների կողմից սպանված քաղաքացու գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի դեմ վճիռ է կայացրել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր վճիռ է կայացրել Հայաստանի դեմ: Դատարանն արձանագրել է, որ խախտվել է 12 տարի առաջ ոստիկանների կողմից հետապնդելու ժամանակ սպանված Արման Ենգիբարյանի կյանքի իրավունքը: Կառավարությունը պարտավոր է Արման Ենգիբարյանի հորը և կնոջը վճարել 39,000 եվրո, որպես ոչ նյութական վնասի հատուցում:

2011թ. ապրիլ-հունիս ամիսներին Երևանում տեղի են ունեցել ավազակային մի շարք հարձակումներ: Ջրմուղի աշխատակից ներկայացած անձը մուտք է գործել բնակարաններ, ատրճանակով սպառնացել բնակիչներին և հափշտակել գումար կամ թանկարժեք իրեր: 

Ըստ նյութերի՝ Արման Ենգիբարյանը մտադրություն է ունեցել թալանել քաղաքացիներից մեկի գույքը։ 2011 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 13։05-ի սահմաններում, ներկայանալով որպես ջրամատակարարման ընկերության աշխատակից, փորձել է ապօրինի մուտք գործել նրա բնակարան։ Սակայն նա չէր կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, քանի որ քաղաքացին չէր բացել դուռը և ոստիկանություն էր կանչել։ Երկու ոստիկան, ժամանելով դեպքի վայր, փորձել են զինաթափել Ենգիբարյանին։ Սակայն Ենգիբարյանը չի ենթարկվել նրանց օրինական հրամաններին և փորձել է փախչել։ Փախուստի ժամանակ կրակել է ոստիկաններից մեկի ուղղությամբ: Դրան ի պատասխան, մետրոյի Գարեգին Նժդեհի կայարանում ոստիկաններից մեկը կրակել է  ծառայողական ատրճանակից և մարմնական վնասվածքներ պատճառել Ենգիբարյանին։ Վերջինս, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։

Սպանությունից հետո է պարզվել, որ Ենգիբարյանի մոտ գազային ատրճանակ է եղել:

Հարուցվել է երկու քրեական գործ, մեկը՝ Ենգիբարյանի ենթադրյալ արարքների վերաբերյալ, մյուսը՝ նրա վրա կրակելու փաստով: Քննիչի 2011թ. հուլիսի 21-ի որոշմամբ՝ կարճվել է քրեական գործի վարույթը: Որոշվել է, որ ոստիկանի գործողությունը՝ կրակելու միջոցով Ենգիբարյանին վնասազերծելը, իրավաչափ է: Իսկ Ենգիբարյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ վերջինիս մահվան հանգամանքով պայմանավորված:

Արման Ենգիբարյանի ծնողները մամուլից են տեղեկացել, որ ոստիկանի մասով քրեական գործը կարճվել է: Նրանց իրավապահ մարմինների ներկայացուցիչները չեն հրավիրել, գործին մասնակից չեն դարձրել: Նույնիսկ հրաժարվել են տրամադրել վարույթի նյութերի պատճենները:

Դատաբժշկական փորձագետի եզրակացության համաձայն՝ Ա. Ենգիբարյանի մահը վրա է հասել հեմոռագիկ-տրավմատիկ շոկի, գլխուղեղի աշխատանքի խիստ խանգարման հետևանքով՝ գլխի և որովայնի խոռոչի հրազենային վնասվածքի պատճառով:

Արման Ենգիբարյանի ընտանիքի շահերը ներկայացրել է այդ ժամանակ իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը: Նա դատախազություն բողոք է ներկայացրել քրեական գործը կարճելու որոշման վերաբերյալ, ինչին ի պատասխան դատախազությունից հայտնել են, որ վարույթը կարճելու որոշումը վերացնելու հիմքեր չկան, քանի որ այն օրինական է և հիմնավոր։

Դատախազի որոշումը բողոքարկվել է առաջին ատյանի դատարանում: Ենգիբարյանների դիրքորոշումն այն է եղել, որ ոստիկանության ծառայողների կողմից կիրառված ուժը սահմանազանցվել է, հետևաբար արդարացված չի եղել: Բացի այդ, ոստիկանները պետք է գիտակցեին, որ Ա. Ենգիբարյանի մոտ առկա գազային ատրճանակը չէր կարող սպառնալիք լինել որևէ մեկի կյանքի համար:

Բացի այդ, իրավապահ մարմինները չեն ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ կատարվածն օբյեկտիվ քննելու և բացահայտելու ուղղությամբ: Ավելին՝ սպանվածի մերձավորները նույնիսկ դատավարական կողմ չեն դարձել, որպեսզի իրավական արդյունավետ պաշտպանություն ունենան:

Դատարանը նույնպես մերժել է փաստաբանի բողոքը: Հետագայում բողոքը մերժել է նաև Վերաքննիչ դատարանը, իսկ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել: Ներպետական ատյանները սպառելուց հետո դիմել են ՄԻԵԴ։

ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը ևս պնդել է, որ Ենգիբարյանի սպանությունն անհրաժեշտություն է եղել՝ շատերի կյանքին սպառնացող վտանգը կանխելու նպատակով:

Եվրոպական դատարանն արձանագրել է, որ գործի քննությունը կատարվել է մի շարք բացթողումներով, ինչը հնարավորություն չի տալիս «արդարացնելու» ոստիկանների գործողությունները: Բացի այդ, Հայաստանի կառավարությունը չի կարողացել ապացուցել, որ Արման Ենգիբարյանի սպանությունը բացարձակ անհրաժեշտ էր դրված նպատակներից որևէ մեկի իրականացման համար։ Հետևաբար խախտվել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter