HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հրավառությունները կարգելվեն՝ բացառությամբ տոնական օրերի և համայնքային ու պետական մասնակցությամբ միջոցառումների

Հրավառություններ հնարավոր կլինի կիրառել բացառապես ՀՀ տոնական օրերին և համայնքային կամ պետական մասնակցությամբ միջոցառումների ժամանակ: Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտնեց ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, որը հրագործական նյութերի ոլորտի օրենսդրությունում մի շարք փոփոխությունների փաթեթ է մշակել։

«Գտել ենք, որ այս ձևակերպումն ամենահարմարն է, որովհետև ունենում ենք միջոցառումներ, որոնք տոնական օրերի օրենքի մեջ չեն մտնում, բայց համայնքը կամ պետությունը մասնակցություն է ունենում, օրինակ՝ ծանրամարտի առաջնությունը, մանկական Եվրատեսիլը»,- ասաց նա։

Ըստ նախագծի հեղինակ Սիսակ Գաբրիելյանի՝ առաջարկվում է լիցենզավորման պայմանների մեջ ներառել նաև, որ հրագործական արտադրատեսակները վաճառվեն ID քարտով կամ անձնագրի տվյալների լրացմամբ:

«Կարծում ենք սրանով կկանխենք անչափահասներին հրագործական արտադրատեսակների վաճառքը»,- նշեց պատգամավորը։

Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց՝ արդյոք օրենքի ընդունումից հետո վստահություն կարո՞ղ են ունենալ որ 23.00-ից հետո հրավառության դեպքերը հատուկենտ կլինեն և պատշաճ հետևանքներ կունենան։

ՆԳՆ տեղակալ Դավիթ Համբարյանի խոսքով՝ եթե հիմա չի արգելվում, մինչև օրենքի ընդունումը, ենթադրվում է, որ ավելի շատ պետք է լինեն դեպքերը, որոնց պետք է ոստիկանությունն արձագանքի։

«Հիմա է դա ավելի դժվար կազմակերպել, բայց պետք է արձանագրենք, որ նման դեպքեր գրեթե չկան»,- ասաց Համբարյանը։

Սիսակ Գաբրելյանն էլ նշեց` երբ օրենքն արգելի, արձագանք կլինի։

Օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն ստացավ։ Դրանք ուժի մեջ կմտնեն միայն Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկվելուց և հաստատվելուց վեց ամիս հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter