HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հայաստանը 92,3 մլն եվրո վարկ է վերցնում Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկից

Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) միջև ապրիլի 4-ին ստորագրվել է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը՝ 92 մլն 300 հազար եվրո արժողությամբ:

Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում երկարատև քննարկում ծավալվեց։

Ֆինանսների նախարարի տեղակալ էդուարդ Հակոբյանը նախ ներկայացրեց՝ ինչ նպատակով է Կառավարությունը վարկը վերցնում։

Ըստ փոխնախարարի՝ առաջինը պետական բյուջեով հաստատված 2023թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար է, խոսքը 350 մլն դոլար արժեքով բյուջետային աջակցության վարկերի ներգրավման մասին է։

Վարկի համար նախապայմաններ են հանդիսացել մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը:

Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

  1. Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում, եւ շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում,
  2. Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում,
  3. Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում:

Վարկի մարման ժամկետը 19 տարի է, որից արտոնյալը՝ 5 տարի։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչ միջոցառումների է ուղղվելու գումարը։

«Նախ նշեմ այն օրենքները, որոնք ընդունվել են արդեն ԱԺ կողմից։ Դրանցից մեկն, օրինակ, մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքում, ազդարարման համակարգի մասին, հանրային ծառայության մասին, հաշտարարության մասին օրենքում փոփոխություններ են։

Կան նաև Կառավարության որոշումներ, որոնք ընդունվել են։ Օրինակ՝ կլիմայի վերաբերյալ ունենք հանրային ներդրումների կառավարման համակարգ, որի շրջանակներում իրավական ակտերը չէին սահմանում, թե ինչպիսի կլիմայական և բնապահպանական ազդեցություն պիտի ունենան ծրագրերը։ Որոշում է կայացվել, որ համապատասխան բաղադրիչներ, պայմաններ դնեն էդ որոշման մեջ, որ երբ հանրային ներդրումային ծրագրերը գնահատվում են, պարտադիր այդ ազդեցության գնահատումը լինի իր մեջ»։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշեց, որ համաձայնագիրը կոչվում է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականության վարկ», և հիմա եթե այն հաստատվում է, կարո՞ղ են արդյոք վստահ լինել, որ կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման քաղաքականությանն է միտված լինելու, թե՞ ծրագիրն այլ ծախսերին է միտված։

«Այդ ռեֆորմները, որոնք ես նշեցի, արդեն իսկ իրականացվել են՝ հանրային ներդրումների կառավարման ուղղությամբ, էներգաարդյունավետության, կրթության ոլորտներում։ Բյուջետային աջակցության վարկերը չեն կապվում գումարի ծախսման որևէ ուղղություն հետ»,- պատասխանեց Հակոբյանը։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, հանձնաժողովի անդամ Արթուր Խաչատրյանը հարցրեց. «Չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ է՝ այսուհետ կապենք, որ վաղը, մյուս օրը նման հարցեր այստեղ չառաջանան»։

Ֆինանսների փոխնախարարը հայտնեց, որ կապիտալ ծախսերը գերազանցում են պետբյուջեի պակասուրդը։ Եվ դրա ֆինանսավորումն իրականացնելու համար կան տարբեր գործիքներ՝ պարտատոմսեր, բյուջետային աջակցության վարկեր, ծրագրային վարկեր, և այս վարկային համաձայնագիրը կոնկրետ ծրագրերի կապակցված չէ։

Արթուր Խաչատրյանը խնդրեց հարցը զեկուցողին կոնկրետ նշել, թե ինչի վրա է ծախսվելու այդ գումարը։

«Երբ բյուջեն հաստատվել է, հաստատվել են դրա ֆինանսավորման աղբյուրները։ Սա փողի աղբյուրներից մեկն է, որը ֆինանսավորում է բյուջեն»,- ասաց զեկուցողը՝ նշելով, որ կոնկրետ տեղեկատվություն չկա։

«Այսինքն՝ ո՞նց եք պատկերացնում, գալիս եք 92,3 մլն եվրոյի պարտքային բեռը ավելացնում եք, առանց ասելու, թե ինչի վրա է ծախսվելու»,- հարցրեց Խաչատրյանը։

Ֆինանսների փոխնախարարն էլ ասաց. «Հաշվարկները հետևյալն են՝ պետբյուջեն ձևավորելիս ձևավորում ենք մեր կանխատեսումները եկամուտների և ծախսերի ուղղությամբ, դրանց արդյունքում ձևավորվում է պակասուրդ, որի ֆինանսավորման աղբյուրները քննարկվում և հաստատվում են։ Չափը որոշվել է՝ ելնելով խոշոր հաշվարկներից, եկել ենք մի հաշվարկի, որ մեզ 350 մլն դոլար բյուջետային աջակցության վարկերի կարիք ունենք։ 350-ը որոշում ենք՝ որ դոնորից վերցնենք՝ ելնելով ֆինանսական պայմաններից։ 92,3-ը առանձին ծախսային հոդվածների հաշբվարկների հիման վրա ձևավորված չէ»։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյան համաձայնեց Արմեն Խաչատրյանի դիտարկումներին, և Ֆինանսների նախարարին խնդրեց ապագայում այնպես անել, որ որոշակիորեն նախանվեն՝ ինչի համար են գումարները ծախսելու։ 

«Նախագիծը պետք է ընդունենք՝ կապիտալ ծախսեր ենք սպասարկելու։ Այլ հարց է՝ այսուհետ քննարկումներում փորձենք նախանշել հիմնական ուղղությունները»,- նշեց Պապոյանը։

Չնայած հակասություններին՝ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց համաձայնագրի վավերացմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter