Արթուր Բաղդասարյանի համար դպրոցի տարածքն են սեփականաշնորհել
Մայիսի 18-ին Ալավերդի քաղաքի թիվ 5 դպրոցի մի խումբ ծնողներ ինտերնետային փոստով «Հետքին» մի նամակ են ուղարկել: «Կարծում ենք, որ Ձեզ կհետաքրքրի այն փաստը, որ Արթուր Բաղդասարյանը այսպես ասած' եվրոպական քոլեջի անվան տակ, ճիշտ այն ժամանակ, երբ Ալավերդու թիվ 5 դպրոցը ՀՀ կառավարության որոշմամբ ճանաչվել է ավագ դպրոց եւ իր մասնաշենքի կարիքը շատ ունի, ապօրինաբար, արենդայի անվան տակ բռնազավթել է դպրոցի մասնաշենքը: Ճիշտ են ասում, որ ՙում շերեփը մեծ է, ղոչաղը նա է»,- գրել են նամակագիրները:
«Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամը միջպետական համաձայնագրերի հիման վրա ստեղծված շահույթի նպատակ չհետապնդող հիմնադրամ է, որն իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագրեր: Քոլեջում ուսման տեւողությունը 2-4 տարի է: Ուսուցումն իրականացվում է ըստ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության մշակած չափորոշիչների եւ եվրոպական կրթական ծրագրերի: Այս մասին տեղեկացնում է Հիմնադրամի կայքէջը (www.eriicta.am): Քոլեջը մասնաճյուղեր ունի տարբեր քաղաքներում, այդ թվում' Ալավերդիում:
Մեզ հետ զրույցում «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Ռուսլան Մոսինյանն ասաց, որ Արթուր Բաղդասարյանն այս գործի հետ կապ չունի, եւ որ ՙԵվրոպական քոլեջ՚ հիմնադրամի խորհուրդը կառավարության հետ երկկողմանի համաձայնությամբ եւ կառավարության որոշմամբ 2010 թ. գնել է թիվ 5 դպրոցին պատկանող մասնաշենքը: Հիշեցնենք, որ ՙՕրինաց երկիր՚ կուսակցության նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Եվրոպական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:
Թիվ 5 դպրոցի տնօրեն Լաուրա Մելիքսեթյանը վստահ է, որ դպրոցի մասնաշենքը ՙՀայաստանում եվրոպական քոլեջ՚ հիմնադրամին հանձնելու գործարքը կատարվել է Արթուր Բաղդասարյանի բարձր հովանու ներքո: Նա հավատացած է նաեւ, որ մասնաշենքը դարձել է հենց Արթուր Բաղդասարյանի սեփականությունը:
Տնօրենն ասաց, որ մասնաշենքն այսօր էլ թիվ 5 դպրոցի հաշվեկշռում է, սեփականաշնորհման վկայականն իր մոտ է: 2009 թ. նա պայմանագրով, 3 տարի ժամանակով վարձակալությամբ 860 քմ ընդհանուր տարածքով մասնաշենքը տվել է ՙՀայաստանում եվրոպական քոլեջ՚ հիմնադրամին: Պայմանագիրը նոտարական կարգով վավերացրել է Թումանյանի տարածքային նոտար Սամվել Մայիլյանը 2009 թ. սեպտեմբերի 25-ին: Պայմանագրի 3.1 կետով շենքի վարձակալության վարձավճարի չափը ամսական սահմանվել է 70,452 դրամ' ներառյալ ավելացված արժեքի հարկը: Ըստ պայմանագրի' վարձակալը վարձավճարը վարձատուին պետք է վճարեր յուրաքանչյուր ամսվա 30-ին: Լաուրա Մելիքսեթյանը հայտնեց, որ մասնաճյուղը ի սկզբանե խախտել է պայմանագրի կատարումը. «Երկու տարի է' պայմանագրով նախատեսված վարձավճարները դպրոցին չեն վճարվում»: Սակայն այդ տարիներին վարձակալի նկատմամբ պայմանագրով նախատեսված տույժեր չեն կիրառվել: Ավելին, պայմանագիրը լուծարելու պահանջով դպրոցը չի դիմել դատարան: «Ճիշտն ասած' մարզպետարանն ասում էր' հլա մի քիչ էլ սպասի: Ես ինքնագլուխ ոչինչ չեմ կարող կատարել, ես գործադիր տնօրեն եմ: Հիմա որոշել ենք դիմել կառավարությանը, թե որ իրավունքով է դպրոցին պատկանող մասնաշենքը տվել «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամին»- ասաց Լաուրա Մելիքսեթյանը:
Մասնաշենքի օտարման մասին տնօրենին տեղեկացրել է մասնաճյուղի տնօրեն Ռուսլան Մոսինյանը: «Քոլեջի Ալավերդու մասնաճյուղի տնօրեն Ռուսլան Մոսինյանը, մի այլ անձի միջոցով վերջերս ինձ առանց ստորագրության եւ կնիքի մի որոշում եւ լուր էր ուղարկել, որ պայմանագրով մեր կողմից իրենց վարձակալությամբ տրված մասնաշենքը իրենք արդեն գնել են, եւ այլեւս քոլեջն իրենց սեփականությունն է»,- ասաց դպրոցի տնօրենը: Մասնաճյուղի տնօրենը թիվ 5 դպրոցի տնօրենին հետո բացատրել է, որ վարձավճարները չեն էլ վճարելու, քանի որ «Հայաստանում եվրոպական քոլեջ հիմնադրամը» վերանորոգել է շենքը եւ վարձավճարների համար նախատեսված գումարները ծախսել վերանորգման նպատակով: ՙԲայց մեր պայմանն այդպես չի եղել»,- ասաց Լաուրա Մելիքսեթյանը: Վերջինս նաեւ հայտնեց, որ մասնաշենքը վարձակալությամբ տրվել է մարզպետ Արամ Քոչարյանի որոշմամբ: Այդուհանդերձ, դպրոցի գործադիր տնօրենը բավականին ուշ է հասկացել, որ մասնաշենքն անհրաժեշտ է դպրոցի զարգացման նպատակով: «Մենք այն կարող ենք ծառայեցնել երեխաներին առանձին արհեստների ուսուցման նպատակով, որը նաեւ ավագ դպրոցի ստեղծման նախապայմաններից է»,- ասում է Լ. Մելիքսեթյանը:
Թիվ 5 դպրոցի մասնաշենքի օտարման մասին Լոռու մարզպետարանի կրթության բաժնի վարիչ Աշոտ Պապանյանը «Հետքին» այսպիսի պարզաբանում տվեց. «Ալավերդու թիվ 5 դպրոցի մասնաշենքը «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամին վաճառելու մասին որոշման նախագիծը, նախքան հաստատվելը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից ուղարկվել է Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին: Մարզպետի կարծիքը եղել է բացասական, սակայն որոշումը կայացնելիս մարզպետի կարծիքը հաշվի չի առնվել: ՀՀ կառավարության կողմից այդ որոշումը ընդունվել է 8-9 ամիս առաջ, սակայն դեռ Լոռու մարզպետարան չի ուղարկվել»:
Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը մի քանի տարի առաջ ԱԺ ամբիոնից դպրոցական եւ նախադպրոցական հիմնարկների անօրինական օտարման համար «պայքար էր մղում»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել