HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Դեղորայքի էական դեֆիցիտ է արձանագրված, ամեն ինչ արվում է հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու համար». Փաշինյան

Հումանիտար իրադրությունը Լեռային Ղարաբաղում սրվում է: Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը շարունակվում է` ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման: Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար: Դատարանի այս որոշումը չի կատարվում: Լաչինի միջանցքով չեն շարժվում ո՛չ քաղաքացիներ, ո՛չ տրանսպորտային միջոցներ, ո՛չ բեռներ։ Այս մասին Կառավարության հունիսի 22-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ավելին, արգելվել է նույնիսկ Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը։ Սրանք կարևոր փաստեր են, որոնք իրենք իրենցով հակադարձում են Ադրբեջանի այն փաստարկներին, թե ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնող ուժերը, երկրները, իբր, միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը և դատարանի որոշման կատարման ապահովումը միջազգային օրակարգի հիմնահարց է, և մենք խնդրին պետք է մոտենանք հենց այս տրամաբանությամբ։ Եվ կարևոր է արձանագրել, որ այդ որոշման չկատարումն ու արհամարհումը բերել է հումանիտար ճգնաժամի»,- ասաց վարչապետը։

Ըստ նրա՝ ԼՂ բնակչությունը զրկված է բնական գազի, էլեկտրաէներգիայի, արտաքին մատակարարումներից, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության տեղական հզորությունները բավականացնում են միայն մասնակի մատակարարումներին։

«Դադարեցված են սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների արտաքին մատակարարումները ԼՂ-ին։ Դեղորայքի էական դեֆիցիտ է արձանագրված, այս պայմաններում նույնիսկ ծանր հիվանդներին տեղափոխելու հնարավորություն չի տրվում, ամեն ինչ արվում է հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու համար։ Հենց սա է էթնիկ զտման քաղաքականությունը, որի մասին տարիներ շարունակ ահազանգում ենք։ Այս իրադրության լուծման մեր պատկերացումը հետևյալն է.

1. Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի, և սա միջազգային օրակարգի հարց է, ներառյալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը։

2. Պետք է ի վերջո գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը։ Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը։ Բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը. «Մեր պատվիրակությունը Միացյալ նահանգներ է մեկնում հենց այս տրամադրվածությամբ»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է նաև անցկացնել սահմանագծման հանձնաժողովի նիստ, և նիստ անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա։ Հայաստանը պատրաստ է նաև օր առաջ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter