Կպատրաստվի հայտ՝ վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով
Կառավարության որոշմամբ վերաբաշխում և լրացում է կատարվել 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում՝ 4 մլն 494 հազար դրամ ուղղելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերի ընդգրկման հայտի պատրաստման աշխատանքներին: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Վերաբաշխումը կնպաստի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Տիրինկատար լեռան տարածքում գտնվող վիշապաքարերի՝ որպես յուրահատուկ և համամարդկային ժառանգության ընդգրկման հայտի պատրաստմանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում Հայաստանի Հանրապետությունից գրանցված է 3 հուշարձանախումբ՝ Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, Գեղարդավանքը և Ազատ գետի վերին հովիտը, Էջմիածնի Մայր տաճարը, եկեղեցիներն ու Զվարթնոցի տաճարը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1998-2000 թթ, որից հետո Հայաստանի Հանրապետության կողմից որևէ նոր հուշարձան չի գրանցվել։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում (Tentative list) Հայաստանի Հանրապետությունից գրանցված է 4 հուշարձանախումբ՝ Դվին հնավայրը, Նորավանքն ու Ամաղուի ձորահովիտը, Երերույքի տաճարը, Տաթև վանական համալիրն ու Տաթևի անապատը։ Այս բոլոր գրանցումները կատարվել են 1995 թ․։
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ընթացակարգի՝ մինչև Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկվելը՝ անհրաժեշտ է, որ օբյեկտն ընդգրկված լինի նախնական ցանկում։
Սկսած 2024 թվականից՝ ԿԳՄՍ նախարարությունն առաջիկա Միջնաժամկետ ծախսային ծրագրում նախատեսել է առանձին միջոցառում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկերում ավելացվող հուշարձանների հայտերի պատրաստման համար, որի նպատակն է լրացնել ավելի քան 20 տարվա բացը՝ նախատեսելով միջոցներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման համար։ Միջոցները ծախսվելու են հայտերի պատրաստման, հուշարձանների կառավարման պլանների մշակման, թարգմանությունների, գիտական հիմքով բովանդակային հայտի լրացման, փորձագիտական խորհրդատվության և այլ ուղղություններով։
Հաշվի առնելով 1972 թ․ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի գլխավոր ասամբլեայի տարեկան որոշումներն ու հայտերի գրանցման ընթացակարգային փոփոխությունները՝ աշխատանքը կներառի նաև կազմված հայտերի շարունակական լրամշակում վերջնանպատակին՝ հայտի գրանցմանը հասնելու համար։
Մեկնաբանել