
Հայաստանում տեղի է ունեցել արհեստական բանականության թեմայով երկրորդ կոնֆերանսը
Հունիսի 23-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) տեղի ունեցավ «AI հեղափոխությունը և կարիերան» խորագրով կոնֆերանս։ Միջոցառումը կազմակերպել էին ԵՊՀ-ն ու Krisp տեխնոլոգիական ընկերությունը։ Սա նախորդ տարի մեկնարկած AI Conf Armenia-ի շրջանակներում արհեստական բանականության թեմայով երկրորդ կոնֆերանսն էր Հայաստանում, որը դարձել է ամենամյա։
Միջոցառումն այս տարի համախմբել էր Krisp, Picsart, 10Web, Yandex, PMI Science, TUMO, WorldQuant և Hoory ընկերություններին, որոնց ներկայացուցիչները հանդես եկան AI հեղափոխության և տեղական ոլորտի զարգացումների վերաբերյալ տարբեր բանախոսություններով։
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, խոսեց արհեստական բանականության ընձեռած հնարավորությունների ու մարտահրավերների մասին։ Ռեկտորի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ մասնակիցների շրջանակը ընդլայնվել է՝ ներգրավելով նաև այլ ոլորտների ներկայացուցիչների։
Krisp և 10Web ընկերությունների համահիմնադիր Արտավազդ Մինասյանը անդրադարձավ արհեստական բանականության զարգացման արդյունքում աշխատատեղերի կրճատմանը՝ նշելով, որ ժամանակի ընթացքում որոշ աշխատանքներ կավտոմատացվեն, սակայն դրան զուգահեռ՝ մասնագիտական որակների բարձրացումը ավելի հեշտ կլինի։
ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը նշեց, որ արհեստական բանականության հեղափոխությունը Հայաստանում խրախուսելու համար ԵՊՀ-ն աշխատանքներ է նախատեսում երեք ուղղությամբ՝ հետազոտական կենտրոնի ստեղծում, կրթական ծրագրերի մշակում և ոլորտի ընկերությունների ու պետության հետ համագործակցություն:
2022-ին ԵՊՀ-ում Krisp ընկերության հետ համագործակցության արդյունքում արհեստական բանականության լաբորատորիա է բացվել։ Բարխուրդարյանի խոսքով՝ արհեստական բանականության նկատմամբ ամբողջ աշխարհում հետաքրքրության աճին զուգահեռ՝ ԵՊՀ-ում ոլորտին առնչվող կրթական ծրագրերը թարմացվում են։
«Ավանդական կրթական ծրագրերը մշտապես վերանայվում են, նորերը ավելի նեղ ուղղվածություն են ստանում՝ թիրախավորելով արհեստական բանականության ուսումնասիրությունը։ Համալսարանը համագործակցում է ոլորտի առաջատար ընկերությունների հետ, դասախոսներ ունենք այդ ընկերություններից, նաև ֆինանսական աջակցություն ենք ստանում»,- ասաց պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը։
Կոնֆերանսի ընթացքում բանախոսները ներկայացրին այն գործիքները, որոնք հիմնված են արհեստական բանականության վրա և կիրառվում են Հայաստանում։ Եզրափակիչ պանելային քննարկման ժամանակ անդրադարձ եղավ նորարարական զարգացումներին զուգահեռ աշխատաշուկայի հնարավոր փոփոխություններին։ Ոլորտի ներկայացուցիչների կարծիքով՝ արհեստական բանականություն կիրառողները մրցունակ են լինելու, և մարդկանց փոխարինելու է ոչ թե արհեստական բանականությունը, այլ այն օգտագործողները։
Մեկնաբանել