HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռազմական հեղաշրջման մեղադրանքներ, ռազմական տեխնիկա խոշոր քաղաքներում. ինչ է կատարվում Ռուսաստանում

«Վագներ» մասնավոր զինվորական ընկերությունը հունիսի 23-ի երեկոյան հայտարարեց, որ ՌԴ պաշտպանության նախարարության ստորաբաժանումները հրթիռակոծել են վարձկանների ճամբարներն ու դիրքերը։ Այդ ընկերության հետ կապված ալիքները հայտնում էին «բազմաթիվ զոհերի մասին»։ Հրթիռակոծությանը հաջորդեց ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինի հայտարարությունն այն մասին, որ իրենք ուղիղ հակամարտություն են սկսում ՌԴ ռազմական ղեկավարության հետ։

Ռուսական տելեգրամյան ալիքները սկսեցին կադրեր հրապարակել ռուսական քաղաքներում ռազմական տեխնիկայի վերաբերյալ, իսկ վագներականները գրում էին ռուսական խոշոր քաղաքներում ռազմական նշանակության օբյեկտների նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին։ Կրեմլի հետ ասոցացվող ալիքները այս ամենն անվանում են «ռազմական հեղաշրջման փորձ», իսկ Պրիգոժինը պնդում է, թե իրենք «արդարության երթ» են անում։ 

ՌԴ քննչական կոմիտեն արդեն իսկ ռազմական հեղաշրջման փորձի մեղադրանք է առաջադրել Պրիգոժինին, իսկ Պուտինը իր ուղերձում հայտարարել է, որ «այս ամենը հարված է պետության մեջքին»։

Պրիգոժինի հայտարարությունից մի քանի րոպե անց նրա մամուլի ծառայությունը ընկերության ռազմական հրամանատարների անունից ձայնագրություն հրապարակեց։ 

««Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հրամանատարների խորհուրդը որոշում է ընդունել՝ չարիքը, որը կրում է երկրի ռազմական հրամանատարությունը, պետք է կանգնեցվի։ Նրանք չեն խնայում զինվորների կյանքերը, նրանք մոռացել են «արդարություն» բառը, մենք կվերադարձնենք այն։ Այդ իսկ պատճառով, նրանք, ովքեր այսօր ոչնչացրել են մեր տղաներին և տասնյակ հազարավոր ռուսաստանցի զինվորականների կյանքեր, կպատժվեն»,- ասված էր ձայնագրության մեջ։

Մեկ այլ հայտարարության մեջ Պրիգոժինը պնդում է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «փախել է Դոնի Ռոստովից»։ «Շոյգուն հենց նոր վախկոտորեն փախավ Ռոստովից։ Ժամը 22.00-ին նա փախավ, վախկոտի պես, ինչպես կինը: Որպեսզի չբացատրի, թե ինչու էր ուղղաթիռներ բարձրացնում, որ ոչնչացնի մեր տղաներին, ինչու էր հրթիռային հարվածներ հասցնում։ Այդ անասունը կկանգնեցվի»,- հայտարարել է Պրիգոժինը՝ կոչ անելով ողջ բանակին և երկրին միանալ ընկերությանը և «ավարտել այս խայտառակությունը»։

ՌԴ ՊՆ-ն հերքում է հրթիռակոծության վերաբերյալ մեղադրանքները։ «Եվգենի Պրիգոժինի անունից սոցիալական ցանցերում տարածված բոլոր հաղորդագրություններն ու կադրերը <...> չեն համապատասխանում իրականությանը և տեղեկատվական սադրանք են»,- ՌԴ պաշտպանական գերատեսչությանը մեջբերել է РИА Новости-ն։

Գիշերը 02:00-ին Պրիգոժինը հանդես եկավ նոր հայտարարությամբ, որտեղ պնդում էր, որ վագներականները մտնում են Ռոստով և արդեն «շատ վայրերում» հատել են պետական սահմանը։ Պրիգոժինը հայտարարեց նաև խոցված ուղղաթիռի մասին, որը «կրակ էր բացել քաղաքացիական շարասյան ուղղությամբ»։ Նրա խոսքով՝ ուղղաթիռը խոցել են ընկերության մարտիկները։

Ինչպես է արձագանքում Կրեմլը

Ուշ գիշերը Կրեմլում հայտարարեցին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է Պրիգոժինի շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ։ «Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները»,- հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն էլ հայտարարել էր, թե Պրիգոժինի անունից տարածված պնդումները չունեն որևէ հիմնավորում։ «Այդ հայտարարություններով պայմանավորված՝ Ռուսաստանի ԱԴԾ-ում քրեական գործ է հարուցվել զինված հեղաշրջման կոչի մեղադրանքով»,- ասված է կոմիտեի հայտարարության մեջ։

Արդեն հունիսի 24-ի առավոտյան Պուտինը ուղերձով դիմեց Ռուսաստանի քաղաքացիներին՝ Եվգենի Պրիգոժինի հեղաշրջման փորձն անվանելով «դավաճանություն», ինչպես նաև՝ «հարված Ռուսաստանի թիկունքին»։

Պուտինը տեղի ունեցածը համեմատել է 1917 թվականի իրադարձությունների հետ և խոստացել, որ բոլորը, ովքեր «կանգնել են դավաճանության ճանապարհին, կպատժվեն»։

«Կձեռնարկվեն<...> վճռական գործողություններ Դոնի Ռոստովում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Այն դեռեւս բարդ է։ Փաստացի արգելափակված է քաղաքացիական և ռազմական կառավարման մարմինների աշխատանքը»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։

Meduza-ն գրում է, որ Կրեմլին մոտ կանգնած իր աղբյուրները, Պրիգոժինի հայտարարությանը հիմնականում ցենզուրայից դուրս են արտահայտվել։ Պարբերականի զրուցակիցներից մեկը կարծում է, որ Պրիգոժինը «կարող է բլեֆ անել», իսկ նրա նման դատողությունները չեն հանգեցնի որևէ իրական գործողությունների։ «Նա խելքը գցել է։ Նա անում է այդպիսի հայտարարություններ, իսկ համակարգված մարդը նույնիսկ նման մտքեր չպիտի ունենա»։

Փոխարենը istories-ը, հղում անելով իր աղբյուրին, որը մոտ է կանգնած ՌԴ նախագահի աշխատակազմին, գրում է, որ «Կրեմլում խուճապ է։ Այնտեղ չեն բացառում քաղաքացիական պատերքազմի մեկնարկի սցենարը»։ Պարբերականի զրուցակցի խոսքով՝ նախագահի աշխատակազմը դեռ մեկ շաբաթ առաջ տեղեկատվություն էր ստացել, որ Պրիգոժինն ինչ-որ բան է նախապատրաստում։ 

Մոսկվայում, Մոսկվայի և Վորոնեժի մարզերում հայտարարվել է «հակաահաբեկչական գործողության» ռեժիմ։ Այս ռեժիմը իշխանություններին թույլ է տալիս ցանկացած պահի ստուգել քաղաքացիների փաստաթղթերը, մարզերի սահմաններին մեքենաները կարող են խուզարկվել, հատուկ ծառայությունների ներկայացուցիչները, առանց դատարանի թույլտվության, կարող են անարգել մտնել ցանկացած տարածք, ցանկացած պահի կարող է անջատվել հեռախոսային և ինտերնետ կապը, կարող է կանգնեցվել նաև ալկոհոլի վաճառքը։ Մոսկվայում չեղարկվել են բոլոր խոշոր միջոցառումները։

Վագներականները Ռուսաստանի խոշոր քաղաքներում զբաղեցնում են մի շարք օբյեկտներ

Հունիսի 24-ի առավոտյան վագներականները հայտարարեցին, թե Դոնի Ռոստով քաղաքն անցել է իրենց վերահսկողության տակ։ Ավելի ուշ, Պուտինն իր ուղերձում նշել էր, որ այս քաղաքում իրավիճակը շատ բարդ է։ Քաղաքի փողոցներում տանկեր են։ Զինված մարդիկ շրջափակել են Հարավային ռազմական օկրուգի շտաբի, քաղաքային վարչակազմի, ԱԴԾ վարչակազմի և ՆԳՆ շենքերը։

Վորոնեժի մարզի իշխանությունները հայտնել են, որ դեպի Վորոնեժ М-4 «Дон» ճանապարհով ռազմական տեխնիկայի շարասյուն է շարժվում։

Reuters գործակալությունը, հղում անելով ռուսական հատուկ ծառայություններում իր աղբյուրին, գրում է, որ վագներականները ռազմական մի քանի օբյեկտներ են գրավել Վորոնեժում։ Գործակալությունն ընդգծում է, որ չի կարող ստուգել այս տեղեկատվությունը։ Թե կոնկրետ ինչ օբյեկտների մասին է խոսքը, գործակալությունը չի նշել։

Փոխարենը BBC-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ վագներեկանները Վորոնեժի մարզում զբաղեցրել են «բոլոր հիմնական օբյեկտները»։ «Ինչպես Ռոստովում»,- հայտարարել է աղբյուրը։ 

Այլ արձագանքներ

Լիպեցկի մարզի ղեկավարը հայտարարել է մարզի տարածքում անվտանգության ուժեղացման մասին։ «Հատուկ ուշադրություն կդարձվի կրիտիկական ենթակառուցվածքների օբյեկտներին։ Բացի այդ, մարզի բնակիչներին խորհուրդ է տրվում հրաժարվել հարավային ուղղությամբ, մասնավորապես Վորոնեժի մարզ ուղևորություններից»,- գրել է Իգոր Արտամոնովը։

Ռոստովի մարզի նահանգապետն էլ հայտարարել է, որ քաղաքում իրավիճակը պահանջում է իրավակարգի պահպանման համար բոլոր ուժերի առավելագույն կոնցենտրացիա։ Նա կոչ է արել բնակիչներին դուրս չգալ փողոցներ։

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության պաշտպանության նախկին նախարար Իգոր Գիրկինը (Ստրելկով) հայտարարել է, որ «Ռուսաստանում ռազմական հեղաշրջման փորձ է սկսվել»։ «Եթե սա ֆեյք չէ, ապա ռազմական հեղաշրջում է սկսվել»,- գրել է Գիրկինը։

Լուսանկարը՝ Meduza-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter