HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանը Կառավարությանը պարտավորեցրել է Վահագն Վերմիշյանին վճարել հարկադիր պարապուրդի և աշխատանքի չվերականգնելու դիմաց

Վերաքննիչ վարչական դատարանը անվավեր է ճանաչել «Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին» Կառավարության որոշումը: Դատարանը Կառավարությանը պարտավորեցրել է Վերմիշյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, և աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի քառապատիկի չափով:

Վերմիշյանը հարկադիր պարապուրդի համար պետք է վճարվի սկսած 27.02.2020թ. մինչև դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը:

Նշենք, որ Վահագն Վերմիշյանը 2018թ. նշանակվել էր Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար: 2020թ. փետրվարի 27-ին Կառավարության որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Վերմիշյանը 2020թ․ մայիսի 5-ին դիմել էր վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել աշխատանքից ազատելու մասին Կառավարության որոշումը և իրեն վերականգնել նախկին հաստիքում:

Կառավարությունը դիրքորոշում է հայտնել, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձի ազատումը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող մարմնի հայեցողության շրջանակներում է: Դա պայմանավորված է վարչական պաշտոնների առանձնահատկությամբ, որով էլ պայմանավորված օրենքը տարբերակել է այդ պաշտոնները զբաղեցնող անձանց նշանակման և ազատման ընթացակարգը: Համեմատության համար նշել է, որ վարչական պաշտոն զբաղեցնող անձի համար՝ ի տարբերություն քաղաքացիական ծառայողի, օրենքով աշխատանքից ազատման երաշխիքներ սահմանված չեն:

Վարչական դատարանը, համակարծիք լինելով Կառավարության դիրքորոշման հետ, մերժել էր Վահագն Վերմիշյանի հայցադիմումը, ինչից հետո վերջինս դիմել էր Վարչական վերաքննիչ դատարան: Վերջինս Վերմիշյանի բողոքը բավարարել է մասնակի և բեկանելով վարչական դատարանի վճիռը՝ փոփոխել այն:

2023թ. հունիսի 16-ին Վարչական վերաքննիչ դատարանը նշել է, որ վերադասի կամ անմիջական ղեկավարի փոփոխության փաստի ուժով վարչական պաշտոն զբաղեցնող անձը շարունակում է իր գործառույթներն իրականացնել ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով՝ մինչև իր պաշտոնում նոր նշանակում կատարելը՝ մեկամսյա ժամկետում։ Ընդ որում, նոր նշանակված վերադասը կամ անմիջական ղեկավարը կարող է տվյալ վարչական պաշտոնում նշանակել նույն անձին։

Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ տվյալ դեպքում Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է օրենսդրության պահանջների խախտմամբ, ուստի վիճարկվող որոշումը ենթակա է անվավեր ճանաչման:

Դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter