HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսրայելն ունի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար մեկ լավ պատճառ

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր 

Հունիսի 12-ին Իսրայելի խորհրդարանում՝ Քնեսեթում տեղի ունեցավ «պատմական նիստ», որի ընթացքում «յոթ տարբեր քաղաքական կուսակցություններ ճնշող մեծամասնությամբ հավանության արժանացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման» հարցը, նշում է Երուսաղեմում Հոլոքոստի և ցեղասպանության հարցերով ինստիտուտի գործադիր տնօրեն դոկտոր Իսրայել Չարնին: Նա զգուշորեն կանխատեսում արեց, որ Քնեսեթն ավարտին կհասցնի իր բոլոր օրենսդրական գործընթացները, որոնց արդյունքում կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը:

Թեև Հայոց ցեղասպանության ընդունումը ողջունելի է, Իսրայելը պետք է դա արած լիներ վաղուց: Իրականում, հրեական պետությունը պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը ճանաչող առաջին երկիրը` Հոլոքոստի (Շոայի) ահռելի ժառանգության պատճառով: Ո՞վ կարող է լիիրավ կիսել ցեղասպանության զոհերի ցավը, քան նման ճակատագրի արժանացած ազգը: Ինչպես նիստի ժամանակ նշեց Քնեսեթի անդամ Նինո Աբեսադզեն «Մենք նույնպես տուժած ազգ ենք, և հենց այդ իսկ պատճառով իրավունք չունենք չընդունել այլ տուժած ժողովրդի ցավը»: Քնեսեթի մեկ այլ ազդեցիկ անդամ, «Լիկուդ» կուսակցության առաջնորդ Զեյև Էլկինն ասաց «Մենք վերջին ազգերից մեկն ենք աշխարհում, որ դեռ չենք ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դա մեր բարոյական պարտքն է, որը դեռ չենք կատարել»:

Հունիսի 12-ի նիստի ընթացքում, Քնեսեթի նախագահ Ռուվեն Ռիվլին խոսեց «հաստատակամ և ոգեշնչմամբ, խորը զգացմունքով հրեաների և Իսրայելի կողմից ուշացած ճանաչման հրամայականի մասին», հայտնեց դոկտոր Չարնին: Նախագահ Ռիվլին հայտարարեց, որ կարիք չկա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նոր քվեարկության դրվի, քանի որ Քնեսեթը միաձայն քվերակությամբ ճանաչել էր Ցեղասպանությունը անցյալ տարի:  Դոկտոր Չարնին բացատրեց, ի տարբերություն ԱՄՆ կոնգրեսի, Քնեսետի որոշումները, մինչև իր հանձնաժողովներից մեկի կողմից քննարկվելը, առաջին հերթին լսվում են լիագումար նիստում: Հայոց ցեղասպանության որոշման հաջորդ հանգրվանը Կրթության հարցերով հանձնաժողովն է, որից հետո այն հետ կուղարկվի Քնեսեթ վերջնական քվեարկության համար: Միայն այդ դեպքում կարելի է ասել, որ Քնեսեթը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:  

Հունիսի 12-ի անսպասելի իրադարձություններից  մեկը Բնապահպանության նախարար Գիլադ Էրդանի հայտարարությունն էր, որպես Կառավարության պաշտոնական խոսնակ: Նա միանշանակ հայտնեց, որ Իսրայելը որոշել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ավելին, նախարար Էրդանը պնդեց, որ «Իսրայելի պետությունը երբեք չի հերքել այն, ընդհակառակը, մենք սգում ենք Հայոց ցեղասպանությունը»: Սա զարմանալի հայտարարություն էր, քանի որ քաջ հայտնի է, որ Թուրքիայի ճնշման տակ Իսրայելը մշտապես դեմ է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Այնուամենայնիվ, չնայած Իսրայելի պետության կողմից ցեղասպանության ժխտմանը` 2000 թվականի ապրիլի 24-ին արդարադատության նախարար Յոսի Բեյլին և Կրթության նախարար Յոսի Սարիդը ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը` արժանանալով կառավարության անմիջական դատապարտմանը: Բեյլինը ցեղասպանությունը ճանաչել էր նաև 1994 թվականին, երբ դեռ արտաքին գործերի փոխնախարար էր: 

Այն փաստը, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումները  տեղի են ունենում թուրքիսրայելական հարաբերությունների վատթարացման ժամանակաշրջանում, լուրջ հարցականներ է բարձրացնում Իսրայելի կառավարության իսկական նպատակների կապակցությամբ: Բարոյապես նողկալի է տեսնել, որ մի ազգի զանգվածային ոչնչացման հարցը շահագործվում է կոպիտ քաղաքական նկատառումներով: Չնայած, պետք է գիտակցել, որ միջազգային հարաբերությունները հազվադեպ են խարսխվում բարոյական սկզբունքների վրա: Եթե չլինեին տնտեսական և քաղաքական նկատառումները, ամբողջ աշխարհը վաղուց արդեն ճանաչած կլիներ Հայոց ցեղասպանությունը: 

Թեև քննադատներին կարող է չգոհացնել, որ Իսրայելը քննարկում է Հայոց ցեղասպանության ընդունման հարցը Թուրքիայի հետ գժտություններ ունենալու ժամանակ, սակայն, իմ կարծիքով, շատ ավելի սխալ էր այսքան տարի շարունակ իրողությունը չընդունելը: Նույնիսկ հիմա, չնայած անցյալի սխալները սրբագրելու և ճշմարտությունը պահպանելու ջանքերին, Իսրայելի որոշ պաշտոնատարները մտահոգված են, որ Հայոց ցեղասպանության հարցի բարձրացումն էլ ավելի կսրի Թուրքիայի հետ հարաբերությունները: Քնեսեթի անդամ Արիեհ Էլդադը մերժեց նման առարկումները՝ մատնանշելով ընդդիմախոսների անտրամաբանական դիրքորոշումը. «Մի քանի տարի առաջ մարդիկ ասում էին, որ մենք չենք կարող խոսել դրա մասին` հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր բարիդրացիական հարաբերությունները: Այժմ մարդիկ ասում են, որ չենք կարող խոսել դրա մասին՝ ելնելով Թուրքիայի հետ մեր վատ հարաբերություններից»: Էլդադն ավելացրեց, որ երբ մարդիկ հակված չեն հասցեագրել բարոյական և էթիկական խնդիրներ, միշտ պնդում են, որ դեռ քննարկման ժամանակը չէ:

Այնուամենայնիվ, մեկ կարմիր գիծ կա, որ ոչ մի հայ չպետք է անցնի. Իսրայելի պաշտոնատարները փորձում են Հայաստանից և հայերից քաղաքական զիջումներ ստանալ ցեղասպանության ճանաչման դիմաց: Նման պահանջները պետք է կտրականապես մերժվեն, քանի որ հայերը ոչնչով պարտական չեն Իսրայելին ցեղասպանության ճանաչման համար՝ դա համընդհանուր ընդունված պատմական փաստ է: Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը պարզապես, քանի որ դա է ճիշտ քայլը՝ արտացոլելով աշխարհասփյուռ առաքինի հրեաների զգացմունքները: 

Թարգմանիչ` Կ. Գևորգյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter