
Գերմանիան մինչև տարեվերջ Ուկրաինային կփոխանցի Gepard տեսակի ևս 45 զենիթային կայանք
Գերմանիան, Միացյալ Նահանգների հետ համագործակցությամբ, մինչև տարեվերջ մտադիր է Ուկրաինային փոխանցել Gepard տեսակի ևս 45 զենիթային ինքնագնաց կայանք՝ այդ երկրի հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար: Այդ մասին Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի ՊՆ Ուկրաինայի հարցերով իրավիճակային կենտրոնի ղեկավար, բրիգադի գեներալ Քրիստիան Ֆրոյդինգը։
Պարբերականի տվյալներով՝ ներկա պահին Գերմանիան արդեն Ուկրաինային է փոխանցել Gepard-ի 34 կայանք, ևս 15-ը կմատակարարվի առաջիկա շաբաթներին:
«Բացի այդ, մենք ցանկանում ենք մինչև տարեվերջ մատակարարել Gepard-ի ևս 30 կայանք՝ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ»,- ասել է Ֆրոյդինգը:
Welt am Sonntag-ին տված հարցազրույցում Գերմանիայի ԶՈւ բրիգադի գեներալը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանությունը համարում է ուկրաինական բանակի ներկայիս հակահարձակման առանցքային թույլ կետը:
«Մենք անում ենք ամեն ինչ, ինչ կարող ենք։ Բայց, չնայած այս ամենին, ունի՞ Ուկրաինան բավարար հակահրթիռային պաշտպանություն։ Միանշանակ ոչ»,- հավելել է նա։
Նա նաև հիշեցրել է, որ Գերմանիան մինչև 2023 թվականի տարեվերջ Ուկրաինային կփոխանցի ևս 2 IRIS-T SLM զենիթահրթիռային համակարգեր, որոնք ունեն «գրեթե 100 տոկոսանոց ճշգրտություն», և ևս 4-ը՝ հաջորդ տարի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան Global Military Products ընկերությունը Պենտագոնից ավելի քան 118 միլիոն դոլարի պայմանագիր է ստացել Ուկրաինայի համար Gepard զենիթային ինքնագնաց կայանքների գնման և մատակարարման համար:
Լուսանկարը՝ dpa-ի
Մեկնաբանել