
Դատավոր Դավիթ Հարությունյանի փաստաբանը դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Բարձրագույն դատական խորհրդում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքում թույլ տրվող խախտումների վերաբերյալ միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով: Այդ մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց դատավորի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյանը:
ՄԻԵԴ դիմումը ներկայացվել է ԲԴԽ-ում Դ. Հարությունյանի դեմ քննվող կարգապահական վարույթի ընթացքում թույլ տրվող, փաստաբանի բնորոշմամբ՝ խախտումների անդադար հոսքի բեկանման ու կանխատեսելի` անարդար որոշման կայացման կանխման նպատակով միջանկյալ միջոց կիրառելու նպատակով:
Նշենք, որ Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել լրատվամիջոցների հետ ունեցած հարցազրույցի պատճառով: Հարությունյանն անդրադարձել է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարություններից մեկին և այն անթույլատրելի համարել:
Թեև դատավորին կարգապահական պատասխանատվության են ենթարկում հրապարակային հարցազրույցի համար, սակայն արդարադատության նախարարության ներկայացուցիչները, միջնորդել են ԲԴԽ-ում նիստն անցկացնել դռնփակ, ինչն էլ բավարարվել է:
Զորայր Հարությունյանն ասաց, որ դիմումը ՄԻԵԴ ուղարկել են հունիսի 21-ին՝ ֆաքսով և պատասխան գրություն ստացել են արդեն հունիսի 23-ին:
Փաստաբանը նշեց, որ պահանջում են ԲԴԽ-ում ընթացող վարույթը որոշ ժամանակով կասեցվի և ժամանակ տրամադրվի դատավոր Հարությունյանի պաշտպանությունը պատշաճ իրականացնելու, պլանավորելու, նյութերին ծանոթանալու, հարցումների պատասխանները ստանալու համար: Ըստ Զ. Հարությունյանի, իրենց այդ ամենի համար ԲԴԽ-ն ժամանակ չի տրամադրում, որով էլ խախտվում է դատավոր Հարությունյանի արդար դատաքննության իրավունքը:
Բացի այդ, պահանջում են վերացնել վարույթի քննության դռնփակ ռեժիմը և նիստերը շարունակել դռնբաց:
ՄԻԵԴ պահանջ է ներկայացվել նաև, որ ԲԴԽ բոլոր կողմնակալ անդամները, որոնք կարգապահական վարույթի ընթացքում հանդես են գալիս, որպես դատավոր, վարույթից հեռացվեն: Թե ովքեր են կողմնակալ դատավորները, Զ. Հարությունյանը չմանրամասնեց՝ պատճառաբանելով, որ այդ հարցերը քննարկվել են դռնփակ ռեժիմով, հետևաբար չի կարող մանրամասնել:
ՄԻԵԴ-ում կարևորել են նաև կարգապահական վարույթի շրջանակում դատավոր Հարությունյանի՝ արդար դատաքննության իրավունքի ապահովումը (Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մաս):
«ՄԻԵԴ-ից ստացել ենք գրություն, որով խնդրել են ևս մի քանի փաստաթուղթ ներկայացնել, դրանք ներկայացրել ենք և սպասում ենք հաջորդ փուլին: Ենթադրում ենք՝ արդեն գրագրություն կսկսվի նաև կառավարության հետ»,-ասում է Զ. Հարությունյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ ՄԻԵԴ-ի որոշումը լինի ուշացած և ԲԴԽ-ն ավելի շուտ որոշում կայացնի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ, Զ. Հարությունյանը նշեց, թե ԲԴԽ-ն հենց այդ ուղղությամբ էլ շարժվում է, որպեսզի րոպե առաջ վարույթն ավարտի:
«Դրա մի մասն ինձ համար անհասկանալի է, բայց այս ամենը հանգեցնում է նրան, որ մեզ համար վերջնական ակտը կանխատեսելի է դառնում: Ընթացակարգային բոլոր խախտումները, նյութերի բովանդակությունը, վերագրվող ենթադրյալ խախտումը նկատի ունենալով և համադրելով՝ ենթադրում ենք, որ վերջնական ակտը լինելու է դատավորի համար ոչ բարենպաստ»,-ասում է Զ. Հարությունյանը՝ հավելելով, որ սպասում են նույնիսկ ամենախիստ կարգապահական միջոցի կիրառմանը՝ լիազորությունների դարեցմանը:
Նշենք, որ այսօր փաստաբանները գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով փաստաբանների դեմ իրավապահ մարմիների ներկայացուցիչների կողմից բռնություն կիրառելու շարունակական դեպքերից, հետևաբար չեն գնացել դատարաններ կամ քննչական մարմիններ:
ԲԴԽ-ում նիստը շարունակում են առանց Դ. Հարությունյանի փաստաբանների, թեև դատավորը ներկա է եղել իր նկատմամբ քննվող կարգավապական վարույթին: Դատավորի փաստաբանները մասնակցել են նաև «Դեոնթոլեգիա» թեմայով վերապատրաստմանը, ինչը հարգելի պատճառ էր նիստը հետաձգելու համար, ինչը ԲԴԽ-ն չի արել:
Նշենք, որ փաստաբանների վերապատրաստումը օրենքով պարտադիր պահանջ է, այնպես, ինչպես դատավորների դեպքում:
Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ ԲԴԽ-ն սանկցիա է կիրառել Դավիթ Հարությունյանի նկատմամբ՝ հեռացնելով նիստերի դահլիճից:
Զորայր Հարությունյանն ասաց, որ ԲԴԽ-ին տեղյակ են պահել ՄԻԵԴ-ում ընթացող գործընթացների մասին, հետևաբար փաստաբանը չի բացառում, որ այս արագությունը դրանով է պայմանավորված: Հնարավոր է ԲԴԽ-ում ենթադրում են, որ ՄԻԵԴ-ի որոշումը կարող է լինել դատավորի օգտին, ուստի գործընթացներն արագացնում են, որպեսզի չխափանվի իրենց նպատակը, այլ կերպ ասած՝ դատավորի լիազորությունները դադարեցվեն:
Մեկնաբանել