HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը ընդունել է Բելառուսի դեսպանին

Երևանի և բելառուսական քաղաքների միջև փոխգործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի հանդիպման ընթացքում:

Առանձնակի կարևորելով Երևանի և բելոռուսական քաղաքների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկուստեք փոխշահավետ համագործակցության ընդլայնման առկա ներուժը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ Մինսկի հետ դեռևս 2002 թվականին կնքած փոխգործակցության համաձայնագիրն այսօր իրապես թարմացման կարիք ունի:

«Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ այսօր ավելի քան անհրաժեշտ է հստակեցնել բոլոր այն ուղղությունները, որոնց մասով կկարողանանք համագործակցությունն առավել արդյունավետ ու փոխշահավետ դարձնել, հատկապես հաշվի առնելով այն ներուժը, որ առկա է համագործակցությունն այդպիսին դարձնելու համար: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ենք և պատրաստակամ փոխշահավետ ծրագրերի քննարկման և դրանց կյանքի կոչման հարցում: Հաշվի առնելով Ձեր ներդրումը Երևանի և բելառուսական քաղաքների միջև հաստատված բարեկամական ամուր հարաբերությունների հարցում, վստահ եմ, որ այս դեպքում ևս կանեք հնարավորը, որպեսզի երկուստեք փոխգործակցությունը դառնա առավել առարկայական և շահավետ»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Ստեպան Սուխորենկոն իր հերթին ընդգծել է որ Երևանի և Մինսկի միջև փոխգործակցության ընդլայնման և կապերի ամրապնդման հարցում լիովին համամիտ է Երևանի քաղաքապետի դիրքորոշմանը ու վստահեցրել է որ կանի հնարավորը, որպեսզի դրանք հնարավորին շուտ կյանքի կոչվեն:

«Բելառուսական արտադրության որոշ ապրանքատեսակներ, մասնավորապես, վերելակներ, աղբատար մեքենաններ ու ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներ, իրապես մրցունակ կարող են լինել Երևանում: Ըստ այդմ, վստահ եմ, որ փոխգործակցության ընդլայնման հարցում մենք իսկապես լուրջ ներուժ ունենք և այն պետք է օգտագործենք»,- նշել է դեսպանը և հույս հայտնել որ փոխգործակցության ընդլայնման առավել համակողմանի քննարկումը տեղի կունենա Երևանի և Մինսկի քաղաքապետերի պաշտոնական հանդիպման ընթացքում և Տարոն Մարգարյանին է փոխանցել Մինսկի քաղաքապետ Նիկոլայ Լադուտկոյի պաշտոնական հրավերը:

Փոխգործակցության ընդլայնման ուղղություններն առավել հստակեցնելու համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատասխանատու ստորաբաժանումներին ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն բոլոր առաջարկությունները:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter