
ՄԱԿ-ի պնդմամբ՝ Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր ռուս զինվորականները խաղաղ բնակիչների 77 արտադատական մահապատիժ են իրականացրել
2022 թվականի փետրվարից ի վեր ռուսաստանցի զինվորականները Ուկրաինայի բռնազավթված տարածքներում իրականացրել են խաղաղ բնակիչների 77 արտադատական մահապատիժ։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում։
Փաստաթուղթն ընդգրկում է 2022 թվականի փետրվարի 24-ից մինչև 2023 թվականի մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածը: Ուկրաինայում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Մաթիլդա Բոգների խոսքով՝ այդ ժամանակահատվածում փաստագրվել է խաղաղ բնակիչների 77 մահապատիժ, «որոնք կամայականորեն ձերբակալվել էին Ռուսաստանի Դաշնության կողմից»:
Զեկույցի հեղինակների տվյալներով՝ խոսքը 72 տղամարդու և 5 կնոջ մասին է։ Առնվազն ևս 1 ձերբակալված մահացել է «խոշտանգումների, անմարդկային պայմանների և/կամ անհրաժեշտ բժշկական օգնության չտրամադրման հետևանքով»։ Ընդհանուր առմամբ, ռուսական կողմը «կամայականորեն ձերբակալել է» մոտ 800 մարդու։
Փաստաթղթում նաև նշվում է, որ ուկրաինական կողմը նույնպես խախտել է միջազգային իրավունքը՝ կամայականորեն ձերբակալելով խաղաղ բնակիչների, բայց առավել քիչ քանակությամբ:
Ավելի վաղ, ՄԱԿ-ի ամենամյա զեկույցում գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ռուսաստանցի զինվորականներին մեղադրել էր առնվազն 136 երեխաների սպանության մեջ: Ինչպես նշված էր զեկույցում, 2022 թվականին Ուկրաինայում ընդհանուր առմամբ սպանվել է 477 երեխա։
Լուսանկարը՝ washingtoninstitute.org-ից
Մեկնաբանել